Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Իրավիճակը թելադրում է ուժեղը

Երեկ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է այդ երկրի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: Թումանյանը նրան է ներկայացրել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո Հայաստանում ու Արցախում առկա իրավիճակը: Քննարկվել է իրադարձությունների զարգացման հետագա ընթացքը, նաև հայ-իրանական հարաբերության եւ համատեղ աշխատանքի հեռանկարը: Հավելենք, որ Իրանի արտգործնախարարությունն օրերս տեղեկություն էր տարածել այդ երկրի արտգործնախարարի Հայաստան հնարավոր այցի մասին: Հայաստանի դեսպանի հետ Արաղչին, թերևս, հանդիպել է հասկանալու համար՝ արդյոք իմաստ ունի Ջաֆար Զարիֆի այցը Հայաստան: Արդյո՞ք Հայաստանը ներկայումս իրենից ներկայացնում է քաղաքական այնպիսի սուբյեկտություն, որը թույլ կտա քննարկել և պայմանավորվել լուրջ հարցեր: Ընդ որում, այդ հարցադրումը բոլորովին զգայական չէ: Առկա է իրողություն՝ պատերազմում հայկական կողմի ծանր պարտությունը: Ընդ որում, Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարները իրենք են հայտարարել, որ եռակողմ համաձայնությունը եղել է փրկություն, այլապես պարտությունն ու Արցախի կորուստը լինելու էր լիակատար:

Ըստ էության՝ շոշափելի հեռանկարում իրավիճակ թելադրելու է նա, ով «փրկել է», այսինքն՝ Ռուսաստանը: Դա է իրողությունը, ըստ այդմ, Իրանի պարագայում առաջանում է Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության հետ երկխոսության իմաստի հարցը: Դա չի նշանակում անշուշտ, թե իմաստը բացառված է ընդհանրապես: Բայց այն ունի սահմանման կարիք, և Թեհրանն անշուշտ փորձում է հասկանալ, թե ինչ ուղղությամբ է հնարավոր իմաստավորել Հայաստանի հետ հետպատերազմյան երկխոսությունը: Հատկանշական է, որ այդ հարցը դիտարկվում է Աբբաս Արաղչիի մակարդակով: Բանն այն է, որ դեռևս պատերազմի ընթացքում նա Իրանի նախագահի հատուկ բանագնացն էր, որը այցելեց Երեւան, Մոսկվա, Բաքու և Անկարա՝ Իրանի առաջարկը քննարկելու համար: Թեհրանը գուցե հույս էլ չուներ, թե Մոսկվան ու Անկարան կընդունեն այն, և թերևս փորձում էր միջոցով հասկանալ, թե ինչ է կատարվում կամ ինչ կարող է կատարվել: Փաստացի, Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են առանց Թեհրանի՝ մերժելով Աստանայի ձևաչափի իրանյան առաջարկը: Իրանը գործնականում կորցրել է հյուսիսային սահմանի ռազմավարական «անդորրը»: Թեհրանը տարիներ շարունակ հայտարարել է, թե չի հանդուրժի երրորդ երկրի ռազմական ներկայությունն այդ սահմանում: Ներկայումս այնտեղ է Թուրքիան՝ Ադրբեջանի եւ ահաբեկիչների միջոցով:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

website by Sargssyan