Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Թուրքիայի խաղը Հայաստանի դեմ դեռ ավարտված չէ. Ռուբեն Սաֆրաստյան

 Ո՞վ հաղթեց և ո՞վ պարտվեց դիսկուրսում կարծիքները տարբեր են, սակայն պետք է հստակ արձանագրել, որ դե ֆակտո Հայաստանը կորցրեց թե՛ Արցախը և թե՛ սեփական սուվերենությունը: Արդյո՞ք սա էրդողանական ծավալապաշտական քաղաքականության հետևանք էր, թե՞ ալիևյան ամբիցիաների պարպում՝ դժվար է ասել, բայց որ հենց Արցախյան սառեցված հակամարտությունը օգտագործելու կետում համընկան Էրդողանի և Ալիևի շահերը՝ միանշանակ է: Այն, որ Թուրքիան օգտվելով գլոբալիստական ուժերի ճգնաժամից փորձում էր սեփական ամբարտավան նկրտումներն առաջ տանել, պարզ էր դեռ տարիներ առաջ. Սիրիա ներխուժելու և ահաբեկիչների գործոնն օգտագործելով սեփական ստվերային բանակը ձևավորելու ընթացքում, բայց որ այդ ամենը կուղղվի Արցախի դեմ՝ շատերի մտքով չէր անցնում: Հիմա արդեն բոլորի համար պարզ է, որ Արցախը դարձավ ավելի մեծ խաղի թատերաբեմ, բայց թե ետնաբեմում գործող ուժերն ի՞նչ նոր պլաններ ունեն, կրկին շատերի համար դժվար է կռահել: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ Արցախի սանձազերծած ագրեսիվ պատերազմի ներկայիս արդյունքով Թուրքիան չհասավ իր նպատակին, քանի որ ցանկանում էր տեղակայել իր զինված ուժերը Արցախի ողջ երկայնքով, ինչը թույլ չտվեց Ռուսաստանը:

 «Այնպես որ մեծ հաշվով Թուրքիայի ներդրած ռեսուրսները և ստացած օգուտը համադրելի չեն, ուստի պետք է հաշվի առնել, որ Թուրքիայի խաղը Հայաստանի դեմ դեռ ավարտված չէ, այլ սկսվում է մի նոր փուլ, որը Թուրքիան որդեգրել էր Հարավային Կովկասում դեռևս 20-րդ դարի ընթացքում: Առաջին անգամ հարձակվեց 1914 թվականին և պարտվեց, երկրորդ անգամ հարձակվեց 1918 թվականի գարնանը, երրորդ անգամ՝ 1920-ին: 1941- 42 թվականներին պատրաստվում էր հարձակվել, բայց չստացվեց, քանի որ նացիստական Գերմանիան պարտություն կրեց Երկրորդ համաշխարհային պատերազմում: Հիմա, փաստորեն, այդ քաղաքականությունը շարունակելու ցանկություն կա: Այսինքն, պետք է ընդգծենք, որ մշտապես Հարավային Կովկասը  Թուրքիայի նկրտումների կարևորագույն մասն է կազմում, որը պետք է անպայման հաշվի առնել»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

website by Sargssyan