Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Խնդիրներ անշարժ գույքի շուկայում

Արդեն տևական ժամանակ` արձանագրվող աշխուժացումից հետո՝ ՀՀ անշարժ գույքի շուկան ցնցումների մեջ հայտնվեց մինչև Ղարաբաղում սանձազերծված հերթական ագրեսիան։ Ամեն ինչ սկսվեց շատ ավելի վաղ, համավարակի առաջին ալիքից հետո, որի հետևանքով մեծացավ ճնշումը շուկայի վրա՝ հանգեցնելով ինչպես՝ գործարքների կրճատման, այնպես էլ՝ գների նվազման։ Վերջին 1-2 ամիսներին շուկան փորձում էր վերականգնվել։ Նկատվում էր գործարքների որոշակի ակտիվացում։ Սակայն այս անգամ էլ վրա հասավ պատերազմը։ Ըստ էության պետք է արձանագրել, որ պատերազմը կրկին մեծացրել է ռիսկերն անշարժ գույքի շուկայում։ Այդ ռիսկերն առաջիկայում դեռ կարող են խորանալ։ Մինչև ո՞ւր կհասնեն, ժամանակը ցույց կտա։ Փաստն այն է, որ բազմաթիվ գործոններ այսօր անշարժ գույքի շուկայի օգտին չեն։ Պատերազմի հետևանքով փոխվում են մարդկանց սպասումները։ Շատերը հրաժարվում են իրենց նախկին մտադրություններից կամ հետաձգում գնումները։ Ու դա բերում է շուկայի պասիվացման։ Այնպես, ինչպես եղավ համավարակի առաջին փուլում։ Անշարժ գույքի շուկան միանգամից արձագանքեց տնտեսական իրավիճակի փոփոխություններին։

Համավարակից հետո տնտեսությունը հայտնվեց ոչ նպաստավոր վիճակում։ Տարբեր պատճառներով հասարակության մի մասը զրկվեց նախկին եկամուտներից, ինչին արագորեն արձագանքեց անշարժ գույքի շուկան, որը շատ զգայուն է նման իրավիճակների նկատմամբ։ Այս ամենն ավելի փայլուն երևաց համավարակից անմիջապես հետո, երբ գործարքները կտրուկ կրճատվեցին։ Խոսքը մարտ-ապրիլին կիրառված տնտեսական ու տեղաշարժի սահմանափակումների մասին չէ. բնական է, որ այդ ժամանակահատվածում այլ կերպ չէր էլ կարող լինել։ Խնդիրն այն է, որ անշարժ գույքի շուկան շարունակեց պասիվությունը նաև սահմանափակումների վերացումից հետո։ Դա արտահայտվեց առաջին հերթին առք ու վաճառքի գործարքների կրճատման տեսքով։ Կրճատվեցին ոչ միայն գործարքները, այլև արձանագրվեց գների նվազում։

Գրեթե 2 տարվա թանկացումից հետո, մայիսից սկսած, անշարժ գույքը սկսեց էժանանալ։ Ասվածը վերաբերում է հատկապես բնակարաններին։ Մայրաքաղաքում կան առանձին հատվածներ, որտեղ գները նույնիսկ ավելի ցածր են, քան նախորդ տարի էին։ Այդ են վկայում, թերևս, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած վերջին տվյալները։ Դրանք վերաբերում են սեպտեմբերին, երբ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դեռ նոր էր սկսվել, և քչերը կարող էին անգամ պատկերացնել, որ այն այսքան երկար կշարունակվի։ Սեպտեմբերին անշարժ գույքի, մասնավորապես՝ բնակարանային շուկայում պահպանվել է գնանկումը։ Թեև անկումը մեծ չի եղել։ Մեկ ամսում գների նվազումը, ըստ պաշտոնական տվյալների, մայրաքաղաքում կազմել է՝ 0,2, մարզերում՝ 0,1 տոկոս։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

website by Sargssyan