Փոխարժեք՝
479.8
$
545
8.09

Արվեստի գործառույթներից է մարդկանց սփոփելը. Վլադիմիր Սպիվակով

Աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը շատ է հավանել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Այս մասին ճանաչված երաժիշտը խոստովանեց մշակութային օջախ այցելությունից հետո: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ Սպիվակովը շրջեց թանգարանով, ծանոթացավ ներկայացվող ցուցանմուշներին, օջախի ստեղծման պ ատմությանը:
«Թանգարանն ինձ շատ դուր եկավ, հիասքանչ ցուցադրություն կա, ես հուշամատյանում գրեցի, որ պետք է պահել մարդկային ոգու նման բարձունքները: Նման բարձունքների օրինակ է Կոմիտասը, նրա կյանքը, գործունեությունը, ծառայությունը: Ամեն գործում ծառայել է պետք. կոչված ենք ոչ թե ղեկավարելու, այլ` ծառայելու»,- նշեց Վլադիմիր Սպիվակովը:
Անդրադառնալով այսօր աշխարհում տիրող բռնություններին ու ատելությանը և այդ համատեքստում մշակույթի գործիչների դերին, ճանաչված դիրիժորը նշեց. «Արվեստը շատ գործառույթներ ունի, որոնք հին օրերից են գալիս: Բայց այսօր գործառույթը մեկն է` մարդկանց սփոփելը և զգացմունքների շեշտադրումը ներդաշնակության վրա: Մարդիկ ցրված են աշխարհով, այնքան ատելություն կա, և չպետք է դրան հնարավորություն տալ, որ այն տարածվի, քանի որ դա շատ վատ կվերջանա»:
Աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը և նրա ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախումբը երկու համերգներով ապրիլի 28-ին և 29-ին հանդես եկան Արամ Խաչատրյան համերգասրահում: Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունեց նրանց ելույթները:

loading...
website by Sargssyan