ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը վաղ, թե՝ ուշ ավելի լուրջ կարձագանքի այս խնդրին. Ռուբեն Սաֆրաստյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չնայած, որ բազմաթիվ ապացույցներ կան, որ թուրքական զորքը ներգրավված է արցախյան պատերազմում, բայց Թուրքիան արդեն երկրորդ անգամ է հայտարարում, որ եթե Ադրբեջանի նախագահը դիմի Թուրքիային, ապա վերջինը պատրաստ է զորք տրամադրել։ Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ այս հայտարարության հիմնական նպատակը Ալիևին հույս տալն է, որ Թուրքիան կանգնած է իր մեջքին։ Հաջորդը՝ դրանով Էրդողանը Ալիևին բանակցություններից զերծ պահելու նպատակ է հետապնդում։

1or.am-ի հետ զրույցում թուրքագետը նշեց նաև, որ, բացի վերը թվարկածներից, այս քայլը Թուրքիայի կողմից իրավիճակն է՛լ ավելի սրելու և Ադրբեջանին պատերազմը շարունակելուն մղելու նպատակ է հետապնդում։

«Թուրքիան արդեն իսկ ներգրավված է պատերազմի մեջ՝ պլանավորման, կառավարման, վարձկաններ մատակարարելու մակարդակներում: Այդ ամենի մասին բարձրաձայնում է նաև միջազգային մամուլը: Եվ այդ պարագայում կրկին հայտարարել, թե կարող է զորք ուղարկել Ադրբեջան՝ խոսում է Թուրքիայի լկտի պահվածքի մասին: Բացի այդ, փորձում են մեկ անգամ ևս հաստատել, որ Թուրքիան Հարավային Կովկասում արդեն լիիրավ խաղացող է: Այս մեսիջն, անշուշտ, ուղղված է Ռուսաստանին, քանի որ Թուրքիային ոչ թե Արցախն է պետք, այլ՝ Հարավային Կովկասը»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը։

Խոսելով ռուս-թուրքական հակասությունների մասին` թուրքագետը նշեց, որ եթե Թուրքիան ցանկանում է Հարավային Կովկասն ամբողջությամբ դարձնել իր ազդեցության ոլորտ, ապա Ռուսաստանին մինչ այս հաջողվել է պահպանել իր ազդեցության մի մասը: Եվ բնական է, որ այս առումով երկու պետությունների միջև կան ռազմավարական լուրջ հակասություններ:

«Բացի այդ, հակասություններ կան ահաբեկիչների առումով, քանի որ հայտնի է, որ նրանց Թուրքիան ներմուծեց Ադրբեջան, որպեսզի վարձկան ջիհադիստները կռվեն հայերի դեմ: Հայտնի է նաև, որ նրանց կարելի է հանդիպել նաև Հարավային Կովկասի այլ շրջաններում ևս: Եվ բնական է, որ ջիհադիստները մեծագույն վտանգ են ներկայացնում ոչ միայն հայ ժողովրդի, այլև՝ Ռուսաստանի համար, ինչը լուրջ խնդիր է: Ես հույս ունեմ, որ Ռուսաստանը վաղ, թե՝ ուշ ավելի լուրջ կարձագանքի այս խնդրին»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը։

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular