ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ճանաչվել է միջազգային վտագավորության ամենաբարձր աստիճան ունեցող երկիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միջազգային հեղինակավոր Genocide Watch կազմակերպությունը, որ զբաղվում է աշխարհում ցեղասպանության վտանգի գնահատմամբ՝ Ադրբեջանին ճանաչել է որպես միջազգային վտագավորության ամենաբարձր աստիճան ունեցող երկիր: Խոսքը ցեղասպանության սպառնալիքի 9-րդ աստիճանի մասին է, որը բնաջնջումն է (Stage 9: Extermination) և 10-րդ աստիճանը, որը ժխտողականությունն է, (Stage 10: Denial):

Ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը 1or.am-ի հետ զրույցում, անդրադառնալով միջազգային այս հեղինակավոր կազմակերպության կողմից Ադրբեջանին տրված գնահատականին, նշեց որ այն բավական լուրջ կառույց է, զբաղվում է ցեղասպանությունների վտանգի աստիճանի ուսումնասիրությամբ և մատնանշում է այն աշխարհագրական վայրերն ու պետությունները, որտեղ կա ցեղասպանություն իրագործելու պոտենցյալ վտանգ: Ուստի, Ադրբեջանի մասով նման դասակարգումը խոսում է այդ երկրում առկա իրական նկրտումների մասին:

«Կազմակերպությունը լուրջ ուսումնասիրության արդյունքում է եզրակացություն անում, քանի որ այն ոչ թե քարոզչական նպատակ հետապնդող կառույց է, այլ լուրջ միջազգային հետազոտական կենտրոն: Եվ Ադրբեջանին նման լրջագույն աստիճանի բացասական գնահատականի արժանացնելը բնութագրում է Ադրբեջանի ղեկավարության իրական նպատակադրությունները: Այսինքն, սա խոսում է այն մասին, որ ցեղասպանություն իրագործելու պոտենցիալի առկայություն կա Ադրբեջանի ղեկավարության մակարդակով, որն իրագործվում է բուն գործողություններով և դրանից բխող հետևանքներով: Կարծում եմ, որ այս հանգամանքը ևս պետք է օգտագործվի մեր դիվանագիտական քարոզչական աշխատանքների ժամանակ: Շատ կարևոր է, որ նման բնութագրումը վերաբերեր նաև Թուրքիային, քանի որ այժմ մենք գործ ունենք միացյալ ցեղասպանական տանդեմի հետ»,- ասաց Հ. Դեմոյանը:

Ցեղասպանագետը նշեց նաև, որ 9-րդ և 10-րդ աստիճանները, ըստ գնահատման սանդղակի ցեղասպանություն իրագործելու վտանգի բարձր ռիսկային շեմ են համարվում: Ադրբեջանին նման գնահատականի արժանացնելուն նպաստել է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծած ադրբեջանա-թուրքական ահաբեկչական պատերազմը: Ուստի, սա ևս մեկ ապացույց է, որ պատերազմը լինելով ցեղասպանության իրագործմանը նախորդող քայլ, ևս մեկ անգամ վկայում է նրանց այդօրինակ նկրտումների մասին:

Հ. Դեմոյանը նշեց նաև, որ պատերազմի առաջին իսկ օրերին ինքը դիմել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահին, որպեսզի շուրջ 300 անդամ ունեցող կազմակերպությունը ևս հանդես գա առանձին հայտարարությամբ, հաշվի առնելով, որ հայ ազգի դեմ Ցեղասպանություն իրագործած պետության իրավահաջորդ՝ ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը բացեիբաց միացել է ցեղասպանության սպառանլիք հանդիսացող Ադրբեջանի գործողություններին:

«Առաջին իսկ օրվանից ես հայտարարել եմ, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Ցեղասպանություն իրագործելու բացահայտ նկրտումներ ունի: Բացի այդ, շատ կարևոր է արձանագրել, որ հայկական զինուժը, տվյալ դեպքում՝ Պաշտպանության բանակը, իրականացնում է Ցեղասպանություն կանխարգելելու գործառույթ: Սա սոսկ պատերազմ չէ, երկու հակառակորդ կողմերի միջև, քանի որ մի կողմը հստակ իր առաքելությունն ու ինքնությունն է պաշտպանում և Ցեղասպանությունը կանխարգելելու գործառույթ է իրականացնում: Այդ կանխարգելման գործընթացը պետք է իրականացվի ցանկացած գործողություններով, ցանկացած գնով և ցանկացած եղանակով: Եվ, եթե մենք սա հասկանանք և գիտակցենք, բացի այդ կարողանանք միջազգային կոչված հանրությանը, որը շարունակում է լռել, բացատրել, որ մեր բոլոր գործողություններում մենք ազատ ենք, քանի որ գործ ունենք Ցեղասպանության վտանգի հետ, այդ դեպքում, հետագայում մեզ ուղղվելիք բոլոր մեղադրանքները կդառնան երկրորդական, երրորդական հարցեր»,- ասաց Հ. Դեմոյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular