ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի կրկնվող կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի. Սթիվեն Գուս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «Human Rights Watch»-ը հաղորդել է, որ Ադրբեջանը բազմիցս Լեռնային Ղարաբաղի բնակավայրերում արգելված կասետային զինամթերք է կիրառել: 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում կատարած տեղային հետաքննության ընթացքում «Human Rights Watch»-ը փաստաթղթերով հաստատել է Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի կիրառման չորս դեպք: Նյութը վերցրել ենք hrw.org կայքից:

 -Կասետային զինամթերքի շարունակական կիրառությունը, հատկապես բնակեցված տարածքներում, ցույց է տալիս աղաղակող արհամարհանք քաղաքացիների անվտանգության հանդեպ, - նշել է Կասետային զինամթերքի կոալիցիայի նախագահ Սթիվեն Գուսը, - ոչ մի դեպքում ոչ ոքի կողմից չպետք է կիրառվի կասետային զինամթերք, առավել ևս՝ քաղաքներում՝ քաղաքացիների համար կանխատեսելի և անընդունելի վնասի պատճառով:

Ստեփանակերտի բնակիչները «Human Rights Watch»-ին պատմել են, որ կասետային զինամթերքի կիրառումով հարձակումները սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան, Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի գրասենյակից ոչ ավելի, քան 200 մետր հեռավորության վրա գտնվող բնակելի թաղամասում:

Հոկտեմբերի 12-ին կազմակերպությունն այցելել է թաղամաս և, ի լրումն զինամթերքի տարբերակիչ խոցումների՝ նկատել մի քանի վնասված ու այրված ավտոմեքենաներ և բնակարանների ու խանութների մոտակայքում ջարդված բազմաթիվ լուսամուտներ: Սակայն ենթառազմամթերքի կողմից տարածքին հասցված ճշգրիտ վնասն անհայտ է, որովհետև միևնույն տարածքին այլ զինամթերքի կողմից հաջորդող հարված է հասցվել:

Առնվազն ևս մեկ LAR-160 կասետային հրթիռ է արձակվել տարածքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: «Human Rights Watch»-ն ուսումնասիրել է LAR-160 հրթիռի մնացորդները և M095 ենթառազմամթերքի խոցմանը բնորոշ հետքերը՝ կայունացման վարդագույն ժապավենների մնացորդներ և ենթառազմամթերքի բեկորներ: Հարձակման արդյունքում բազմաթիվ շենքեր, մասնավոր կառույցներ և շուկաներ տարբեր աստիճանի վնասներ են ստացել:

Կազմակերպությունը խոսել է մի աշխատողի հետ, ով հոկտեմբերի 3-ին՝ մոտավորապես ժամը 23:20-ին, գրոհին հաջորդող կրակ է նկատել նշված երկրորդ թաղամասի խանութում: «Human Rights Watch»-ը ստուգել է վկայի կողմից արված լուսանկարը. այն արվել է հոկտեմբերի 3-ին՝ ժամը 23:20-ին:

Հոկտեմբերի 4-ին «Re:public of Artsakh» տելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութը ֆիքսել է մեկ այլ կասետային զինամթերքի հրթիռային հարձակումը Ստեփանակերտի Հակոբ Հակոբյան փողոցի վրա:

«Human Rights Watch»-ը հարձակումների ենթարկված վերոնշյալ երեք թաղամասերում չի կարողացել որևէ ռազմական սարքավորում կամ հենակետ գտնել: Նույնիսկ եթե դրանք եղել են, պատերազմի օրենքների համաձայն՝ դրանց կիրառումը քաղաքացիական բնակավայրերում չի թույլատրվում:

 -Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի կրկնվող կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի, քանի որ դրանց շարունակական օգտագործումը ծառայում է գալիք տարիներին քաղաքացիների համար վտանգի աճին, - ասել է Գուսը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular