ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աբխազիայի քաղաքացիները պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աբխազիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ելույթ են ունեցել` դիմելով միջազգային ասոցիացիաների և կազմակերպությունների գրասենյակներին՝ կապված Ղարաբաղյան հակամարտության գոտու ռազմական գործողությունների հետ: Նրանք միացել են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ պահանջներին: Հարկ է նշել, որ դիմումը հրապարակել է «Апсныпресс» պետական տեղեկատվական գործակալությունը:

Փաստաթուղթը ստորագրել են Բատալ Կոբախիան, Արդա Ինալ-Իպան, Լիանա Կվարչելիան, Դիանա Կերսելյան, Նադեժդա Վենեդիկտովան, Նատելլա Ակաբան, Սայիդ Գեզերդավան, Ասիդա Լոմիան, Ալխաս Տխագուշևը, Ինալ Խաշիգը, Մարիետա Թոփչյանը, Ելենա Կոբախիան, Բելլա Տուրվևան, Ելենա Կուվիչկոն, Ազամատ Բագատելիան, Աիդա Լադարիան, Ինա Բարչանը և Ռոզիտա Գերմանը:

Դիմումն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, Եվրախորհուրդ, Եվրախորհրդարան և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակ:

Ստորև ներկայացնում ենք Աբխազիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դիմումի հիմնական մասը.

«Ամբողջ աշխարհը տագնապով և անհանգստությամբ հետևում է Ղարաբաղյան հակամարտության գոտուց ստացվող, զինվորականների և խաղաղ բնակչության մահվան վերաբերյալ, ճնշող լուրերին: Զոհված զինվորներից շատերը հազիվ 20 տարեկան երիտասարդներ էին:

Հարավային Կովկասում ինքնորոշման իրավունքի ճանաչման միջոցով հակամարտության կարգավորման ուղին մերժվում է՝ չնայած աշխարհում գոյություն ունեցող նախադեպերին, օրինակ՝ Կոսովոյին:

Այսօր մենք տեսնում ենք՝ Ղարաբաղում ինչ ուժով է կրկին բռնկվել պատերազմը, և որքան արագ է կատարվում ռազմական գործողությունների միջազգայնացում, հակամարտության մեջ տարածաշրջանային նոր խաղացողների ներգրավում, ինչը հղի է տեղական հակամարտության սահմաններից դուրս աղետի գոտու ընդլայնումով:

Այս պայմաններում միջազգային ազդեցության բոլոր միջոցները պետք է ուղղված լինեն ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Միջազգային հանրությունն արդյունավետ խաղաղ գործընթացի խթանման միջոցներ և մեխանիզմներ ունի, առաջին հերթին՝ տնտեսական և քաղաքական պատժամիջոցներ, որոնք հաճախ և լայնորեն կիրառվում են պակաս կրիտիկական իրավիճակներում:

Հանուն այս անվերջ պատերազմում զոհվող հայերի և ադրբեջանցիների՝ անհրաժեշտ է անհապաղ սկսել բանակցությունները, որոնց անպայման պետք է մասնակցի Ղարաբաղը: Առանց հակամարտող կողմերի միջև երկխոսության, բանակցությունները դառնում են թերի և անհեռանկարային և ընդունակ չեն հանգեցնել փոխըմբռնման և խաղաղության:

Անթույլատրելի է, որ հակամարտության կողմերից մեկը զուրկ լինի ձայնի իրավունքից: Այդ պատճառով ողջ աշխարհում ավելի հաճախ են սկսել պահանջներ հնչել Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ: Մենք միացնում ենք մեր ձայնը այդ պահանջներին: Միևնույն ժամանակ, հասկանում ենք, որ ճանաչմանը պետք է հետևի կուտակված բազմաթիվ վիճելի հարցերի քննարկում՝ բանակցային գործընթացի շրջանակներում, որը պետք է աջակցվի ողջ աշխարհի կողմից և շարունակվի մինչև փոխընդունելի լուծման հասնելը:

Բոլորն, ովքեր ներգրավված են Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գործընթացում, պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունն ավելի ու ավելի շատ զոհեր պահանջող Խորհրդային Անդրկովկասի ուրվականներին արհեստականորեն աջակցելու հարցում:

Հանուն կյանքերի, որոնք դեռ կարելի է փրկել, մենք դիմում ենք բոլոր երկրներին և կազմակերպություններին, որոնցից այսօր կախված է Հարավային Կովկասի ժողովուրդների ճակատագիրը, կոչով՝ չխոչընդոտել Կովկասում պատմության բնական ընթացքին՝ հանուն թարմացման, զարգացման և խաղաղության»:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular