ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս է ստացվում, որ ՆԱՏՕ-ի երկիրն անում է՝ ինչ ուզում է, իսկ ՆԱՏՕ-ն ոչինչ չի անում. ՀՀ նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, աշխատանքային այցով ուղևորվել է Բրյուսել, որտեղ կանցնեն նրա հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության խորհրդի նախագահ Շարլեմ Միշելի և Եվրախորհրդի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ: Ինչպես հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Սարգսյանը մտադիր է նրանց հետ քննարկել «Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան և Թուրքիայի ներգրավվածությունը» Ղարաբաղյան հակամարտության գոտու ռազմական գործողություններում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հրթիռային հարվածների ենթարկվելու փաստերը: Հոդվածը վերցրել ենք eadaily.com կայքից:

Հայկական կողմն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի և ԵԽ-ի ղեկավարության կողմից Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման համար արվի հնարավոր ամեն բան, ինչը թույլ կտա իրագործել հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունները:

Այս շաբաթվա սկզբին նախագահը Եվրախորհրդին և ՆԱՏՕ-ին կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որը, նրա խոսքերով, անկայունություն է առաջացնում Հարավային Կովկասում:

-Եթե գնամ Բրյուսել, ես ցանկանում եմ խոսել ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ այն մասին, թե ինչու է Թուրքիան՝ Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամը, մասնակցում պատերազմին, որը ոչ մի ընդհանուր բան չունի ՆԱՏՕ-ի հետ: Ինչպե՞ս է ստացվում, որ ՆԱՏՕ-ի երկիրն անում է՝ ինչ ուզում է, իսկ ՆԱՏՕ-ն ոչինչ չի անում: Արդյո՞ք սա նշանակում է, որ թուրքերը ՆԱՏՕ-ից կանաչ լույս են ստացել, - ամերիկյան «Politico» հրատարակությանը տված հարցազրույցի ընթացքում հարց է հնչեցրել Սարգսյանը:

Հանրապետության նախագահը նաև նախազգուշացրել է, որ Ադրբեջանում գտնվող սիրիացի ահաբեկիչները կարող են տարածաշրջանային երկարատև անկայունության գործոն դառնալ:

-Նրանք այնտեղ անկայունության ևս մեկ գոտի կստեղծեն, որը կսպառնա Ադրբեջանին, Ռուսաստանին, Հայաստանին և Իրանին, - նշել է Սարգսյանը, - տպավորություն է ստեղծվում, որ Էրդողանն ամենուր իր շուրջը ստեղծում է անկայունություն՝ ոչնչացնելով գործող ստատուս քվոն: Անկայունության այս ծովում Թուրքիան, թվում է, բավականին հանգիստ է լողում, քանի որ դա նրան թույլ է տալիս խաղալ բոլորի հետ:

-Եթե Թուրքիան ամրապնդվի տարածաշրջանում, ապա թե՛ Հարավային Եվրոպան, թե՛ Կենտրոնական Ասիան իրենից կախված կդառնան, նա հենց սրան է ձգտում, - շեշտել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի ջանքերը Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության կարգավորման գործին միջնորդելու հարցում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular