ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չար Դողանը» հիմար քաղաքական ինքնասպանություն է գործում. Համուդ Աբու Թալիբ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Saudi Gazette» հրատարակության էջերում քաղաքական մեկնաբան Համուդ Աբու Թալիբը գրել է, որ թուրք ժողովուրդը սկսել է հասկանալ, որ «պարանոյայի մի տեսակով տառապող» նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունն իրենց վրա թանկ է նստելու և երկրի տնտեսությունը մատնելու է անկման: Նյութը վերցրել ենք ռուսական «EADaily» լրատվական գործակալությունից:

Թուրքիան բախվում է արտահանման համար կարևոր շուկաների, հատկապես՝ Սաուդյան Արաբիայի շուկայի կորստի վտանգին այն բանից հետո, երբ արաբական խոշոր միապետությունում «թուրքական ապրանքների բոյկոտ» արշավը՝ հասարակության աջակցությամբ, մտավ վճռական փուլ: Համուդ Աբու Թալիբը նշել է, որ բոյկոտի կոչը թուրք արտահանողների մոտ խուճապ է առաջացրել:

Իրավիճակով մտահոգված թուրք արտահանողների ասամբլեան, Թուրքիայի պալատների և ապրանքային բորսաների միությունը և երկրի բիզնես խմբերը տարբեր ոլորտներում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Էրդողանի կառավարությանը «բարելավել իր վարքը և հարաբերությունները թուրքական ապրանքների վաճառահանման առաջատար շուկաներ հանդիսացող երկրների հետ»: Նրանք նաև նշել են, որ այդ երկրները կարևոր են ոչ միայն բիզնես վարելու, այլև զբոսաշրջության տեսանկյունից, քանի որ այդ սեկտորը հանդիսանում է թուրքական տնտեսության հենարան:

Իրենց հայտարարության մեջ նրանք հիշատակել են Սաուդյան Արաբիան, որի բիզնեսմենները միլիարդավոր դոլարներ են մղում Թուրքիայի անշարժ գույքի շուկա: Բացի այդ, սաուդյան զբոսաշրջիկները թուրքական քաղաքներ և առողջարաններ այցելելիս տարեկան հսկայական գումարներ են ծախսում:

«Երբ Էրդողանն ասաց, որ Կատարում իր զորքերի ներկայությունը կերաշխավորի Պարսից ծոցի երկրների անվտանգությունը, դա զայրացրեց սաուդյան հասարակությանը, որը պաշտոնական հրահանգների բացակայության պայմաններում դժգոհությունից պայթեց: Սաուդցիները զայրույթ են արտահայտել թագավորության հասցեին Էրդողանի կողմից բազմիցս կրկնվող վիրավորանքների կապակցությամբ», - գրել է քաղաքական գործիչը:

Թալիբի համաձայն՝ այսօր ցանկացած արտադրանքի վրա թուրքական պիտակ տեսնելիս Սաուդյան Արաբիայի քաղաքացիները շրջվում են: Իսկ միջազգային ընկերությունները սկսել են իրենց արտադրության համար Թուրքիայի այլընտրանք փնտրել:

-Սաուդցիները գիտեն իրենց հայրենիքի արժեքը և հպարտանում են նրանով: Ուստի նրանք հրաժարվում են թուրքական ապրանքներից, - շեշտել է նա:

Համուդ Աբու Թալիբը գտնում է, որ սեփական երկրի համար թուրք ղեկավարը «Շար Դողան» է, այն է՝ «Չար Դողան».

-Նա փլուզեց Թուրքիայի քաղաքական կյանքը, փլուզեց տնտեսությունը, փլուզեց նրա հարաբերությունները կարևորագույն բարեկամ երկրների հետ՝ չնայած այն հանգամանքին, որ գիտեր՝ արաբական երկրներում իր էքսպանսիոնիստական նկրտումներն ընդամենը պատրանք էին, որոնք շուտով կվերանան: Նա հիմար քաղաքական ինքնասպանություն է գործում և, ի վերջո, Թուրքիային տանում է կործանման, - եզրափակել է հեղինակը:

Ինչպես հաղորդել է «EADaily»-ն, սաուդյան արքայազն Աբդուլռահման բին Մուսաադն այս շաբաթ` ավելի վաղ, կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքների ներմուծումը խոշորագույն արաբական միապետություն այն բանից հետո, երբ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի զինուժը Կատարում օգնում է կայունացնել իրավիճակը Պարսից ծոցի այդ երկրում: Սաուդյան Արաբիայի Վաճառքի պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանն իր հերթին Twitter-ում գրել է.

«Բոյկոտե՛ք թուրքական ամեն բան՝ ներմուծում, արտահանում, ներդրումներ և զբոսաշրջություն: Սա սաուդյան յուրաքանչյուր բիզնեսմենի և սպառողի պարտականությունն է»:

Ալ Աջլանի համաձայն՝ իր կոչը պատասխան էր Սաուդյան Արաբիայի, նրա ղեկավարների և քաղաքացիների նկատմամբ թուրքական կառավարության թշնամական վերաբերմունքին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular