ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք մաքառում ենք մեր գոյության և մեր երկիրը պահելու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am կայքի զրուցակիցը քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն է։

- Պարոն Մարտիրոսյան, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է կարգավորման պլանի եւ հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու անհրաժեշտության մասին։ Դրան հետևեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը, որտեղ նա, ըստ էության, բայց մերժեց պարտադրվող պլանը և նշեց, որ մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Ինչպե՞ս եք գնահատում Լավրովի հայտարարությունը և կապ տեսնո՞ւմ եք արդյոք այդ հայտարարության ու Փաշինյանի ելույթի միջև։

- Կապ, իհարկե, կա: Այս իրավիճակում Փաշինյանն այլևս չի կարող ոչ մի կերպ համաձայնել Լավրովի պլանին: Եվ դա լավ է: Ընդհանրապես խաղաղապահների՝ որևէ երկրի, որևէ կազմակերպության և անգամ ՄԱԿ-ի խաղաղապահների մուտքը Արցախ պետք է բացառվի: Հենց բացի հայկականից այլ որևէ կոնտինգենտ մտավ Արցախ՝ Երևանն ու ինքը՝ Ստեփանակերտը առհավետ կորցնելու են վերահսկողությունը մեր երկրի այդ հատվածի նկատմամբ: Իսկ դա նշանակում է, որ Արցախը հեշտորեն կարող է դառնալ ինչ-ինչ սակարկումների առարկա: Ինչ վերաբերում է նախկինում քննարկված տարբերակներին՝ ապա դրանք Հայաստանի՝ առանց պատերազմի, ուղղակի ստորագրությամբ պարտության և հանձնման մասին են եղել, ըստ էության: Դա բացահայտ ակնարկեց այս վարչապետը: Մյուս կողմից՝ խիստ անհասկանալի է դառնում թե ինչու այդ դեպքում Հայաստանը չի հայտարարում Մինսկի խմբի այլևս անգոյության մասին, չի հայտարարում, որ այլևս չի բանակցելու Լավրովյան կամ նմանատիպ այլ բովանդակությամբ, չի հայտարարում ընդհանրապես այլևս բանակցությունների անհնարինության և այլևս բացառված լինելու մասին: Չգիտեմ: Չգիտեմ ...

- Ըստ էության, այս վերջին օրերի ընթացքում հակառակորդը որևէ կերպ հումանիտար հրադադարի չգնաց և նույնկերպ շարունակում է ագրեսիան, թեև Շոյգուն էլ միջամտեց։ Ինչո՞վ եք սա պայմանավորում։

- Նախ՝ ես ատում եմ այդ հակառակորդ բառը: Ապշում եմ, որ մենք դեռ այն կիրառում են: Մենք գիտե՞նք թե ադրբեջանցին ինչպես է մեր մասին խոսում. «դուշման»՝ «թշնամի»: Մենք նրանց հետ շախմատ չենք խաղում, որ հակառակորդ անվանենք՝ գրեթե «մրցակից»: Մենք մաքառում ենք մեր գոյության և մեր երկիրը պահելու համար: Իսկ այդ պարագայում միայն մի բան կարող ենք մենք ոչնչացնել. «թշնամուն»: Հիմա հումանիտար դադարի մասին: Նման բաներին միայն միշտ հայերն են հավատացել: Եթե այսքան դարեր հետո մենք չենք հասկացել, որ «հումանիտարն» ու մեր թշնամին անհամադրելի հասկացություններ են՝ ուրեմն մենք անընդհատ գանգատվելու ենք, որ նրանք «հումանիտար դադարներ» չեն պահում, իսկ նրանք անընդհատ թքած են ունենալու և շարունակելու են մեզ համար հումանիտար աղետներ ստեղծել: Մի քիչ պետք է արժանապատիվ քաղաքական միտք ունենալ: Մի քիչ էլ՝ ուղեղ: Եվ որ ամենակարևորն է՝ վճռականություն: Մնացածը հիմար բառերի ոլորտից է:

- Միջազգային հանրության պահվածքին եթե անդրառնանք, ինչո՞ւ են մեծ մասամբ չեզոք դիրք գրավել։ Կարծես միայն հայտարարություններով ու կոչերով են բավարարվում։

Իսկ ի՞նչ պետք է աներ այդ ոչ միասնական «միջազգային հանրությունը»: Նախ՝ ընդհանրապես միջազգային հանրությունը երբևէ ոչնչի իրականում չի միջամտում: Առանձին գերտերություններ միջամտում են, եթե ուղղակի շահեր ունեն ընթացող որևէ կոնֆլիկտում: Իսկ այստեղ շահեր կան և դրանք համընկնում են Հայաստանի շահերի հետ, բայց դրանք այնքան խորը կամ կարևոր չեն, որ հիմա բոլորը լծվեն Հայաստանին պաշտպանելու գործին: Եվ եկեք չմոռանանք, որ մենք որևէ այլ գործընկեր, որևէ այլ դաշնակից, որևէ այլ ռեզերվային տարբերակ քան մեր միակ դաշնակիցը՝ չենք փնտրել: Մյուս կողմից՝ Ադրբեջանն ու Թուրքիան տնտեսական հսկաներ են, իսկ թյուրքական տանդեմը ահռելի գործ է արել աշխարհում, դիվանագիտական հսկայական աշխատանք, երեսուն տարի պատրաստվել է այս օրվան: Իսկ ի՞նչ է արել Հայաստանը: Թուլամորթ դիվանագիտությամբ տասնամյակներ շարունակ ծառայամտորեն փորձել է բոլորին ցույց տալ, որ ինքը քաղաքակիրթ է, խաղաղասեր է և նման այլ հիմար բաներ և մշտապես սպասել է, որ իր գլուխը շոյեն դրա համար: Երևանում որևէ վճռական, իրապես կրթված, ինտելեկտուալ և որ ամենակարևորն է՝ ազգային որևէ միտք չի եղել: Դա է մեր ողբերգությունը:

- Ըստ ձեզ ստեղծված իրավիճակում ի՞նչ է սպասվում, ո՞րը կարող էր լինել վերջը։ Շատերի կարծիքով՝ Ադրբեջանն ունի ներքին խնդիրներ, և այսպես չի կարող երկար շարունակել։

- Այդ ներքին խնդիրները, որքան էլ մենք փորձենք մտածել, որ այնքան լուրջ են, որ կկազմաքանդեն թշնամուն՝ այդպիսին չեն: Եթե Հայաստանը տասնամյակներ շարունակ ջանադրաբար աշխատեր՝ ապա այսօր Ադրբեջանում կունենայինք թալիշական, լեզգիական և թաթական ապստամբություններ: Բայց չենք աշխատել և չունենք այդպիսի իրավիճակ: Ադրբեջանը կսկսի փլուզվել երբ մենք հակահարձակմամբ սկսենք առաջ գնալ: Ինչ վերաբերում է նրան թե երբ կավարտվի այս պատերազմը, ապա ավարտի սկիզբ կարելի կլինի համարել այն պահը, երբ ռազմաճակատում կողմերից մեկը՝ վստահ ենք՝ Հայաստանը, կսկսի իրավիճակ փոխել:

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular