Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Փաշինյանի «մյունխենյան» ենթատեքստը

Թերևս կարելի է համաձայնել, որ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 14-ի ելույթը պարունակում էր մի շարք քաղաքական ուղերձներ, որոնցից ամենաառանցքայինը 1938 թվականի մյունխենյան համաձայնագրի հիշատակումը և ներկայիս իրավիճակի հետ համեմատությունն էր: Իսկ ի՞նչ էր եղել․ 1938 թվականին, ընդ որում հատկանշական է նաև ամիս-ամսաթիվը` սեպտեմբերի 29-30 (Թուրքիան Արցախի դեմ պատերազմը սկսեց սեպտեմբերի 27-ին), Մյունխենում ստորագրվեց համաձայնագիր, որով Գերմանիան փաստացի ստացավ Չեխոսլովակիան: Իրենց հերթին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան՝ համաձայնագրի մյուս երեք մասնակիցները, այդպիսով ակնկալում էին գոհացնել Հիտլերին, բավարարել նրա ախորժակն ու ապրել հանգիստ: Հիտլերի «ախորժակը» սակայն «բացվեց ուտելուց»:

Կարճ ժամանակ անց հաջորդներից մեկը, որ նա խժռեց, եղավ մյունխենյան համաձայնագրի մասնակից Ֆրանսիան: Փաստացի նաև պատմա-քաղաքական այս նախադեպն է, որ այսօր Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի պարագայում դարձել է Ֆրանսիայի համարժեք դիրքորոշման պատճառ, երբ Փարիզն իրերը կոչեց իրենց անունով: Միանգամից հարց է առաջանում․ ու՞մ է խժռելու Կովկասում կշտանալու դեպքում Էրդողանը Եվրոպայում: Դա գուցե շատ մոտ ապագայի խնդիր չէ, բայց Եվրոպայում թերևս արժե, որ սկսեն մտածել այդ, ոչ թե Կովկասով Էրդողանից ազատվելու մասին:

Ընդ որում, թերևս հենց այդ կետում է սաղմնավորվելու ներկայում ակնհայտորեն քաղաքական ճգնաժամում գտնվող եվրոպական ընտանիքի վերբեռնումն ու վերստեղծումը, հետևաբար այդ ընտանիքում քաղաքական դերաբաշխումը: Այդ իմաստով, Ֆրանսիայի ստանձնած բացառիկ դերին զուգահեռ, Եվրոպայի Խորհրդի պաշտոնական ընդգրկման ռեգիոնում, Եվրամիության Արևելյան ծրագրի պաշտոնական ընդգրկման ռեգիոնում Թուրքիայի հրահրած ահաբեկչական պատերազմի ֆոնին տապալվում է ԵՄ առաջատարի՝ Բեռլինի դերը: Եվ այդ իմաստով էլ թերևս պատահական չէ մյունխենյան պատմական ակտի հիշատակումը:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

website by Sargssyan