ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թշնա­մա­կան լայ­նա­ծա­վալ ծրա­գիր ձա­խող­վեց, իրո­ղու­թյուն­նե­րը փոխ­վե­ցին»․«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայումս իրադարձությունները բավականին արագ են զարգանում: Միաժամանակ նման զարգացումներ կան նաև պետությունների, առանձին դերակատարների քայլերի և դիրքորոշումների փոփոխությունների տեսանկյունից: Ընդգծելով նշված հանգամանքի մասին՝ արաբագետ Արմեն Պետրոսյանը շեշտում է, որ այսօր այդքան էլ ճիշտ չէ խոսել դիվանագիտական ճակատում հնարավորությունների սպառման մասին: «Այս ճակատը մշտապես պետք է ակտիվ օգտագործել՝ հաշվի առնելով թե՛ նշածս արագ փոփոխությունների հանգամանքը, թե՛ հաշվարկելով հնարավոր զարգացումները, որոնք կարող են լինել նաև դիվանագիտական հարթության մեջ:

Մշտապես պետք է հնարամտություն դրսևորել նաև այս հարթությունում աշխատելու համար: Մեծ հաշվով, պատերազմը բոլոր ճակատներում է. տարբեր տեսակի կամ տարբեր մասշտաբի թուլացումները, ակտիվացումները մերօրյա պատերազմական գործընթացների առանձնահատկություններից են»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Պետրոսյանը: Անդրադառնալով մասնավորապես հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը՝ մեր զրուցակիցը մի քանի իրողություն առանձնացրեց:

«Մոսկվայում բավականին երկար բանակցություններից հետո ձեռք բերված և այդպես էլ ուժի մեջ չմտած հումանիտար հրադադարի վերաբերյալ համաձայնությունը վկայում է այն մասին, որ հակամարտության կողմերից մեկը, տվյալ դեպքում՝ բացառապես Ադրբեջանը, Ադրբեջանի իշխանությունը, պատրաստ չէ գնալ ռազմական գործողությունների դադարեցման: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանի նախագահը և իշխող վերնախավը գտնվում են համակողմանի ճնշման տակ. մի կողմից՝ երկրի ներսում սեփական հասարակության, քաղաքական տարբեր ուժերի, սեփական կլանի առանցքային դերակատարների ճնշումն է, մյուս կողմից՝ միջազգային ճնշումը, ՌԴ-ի ճնշումը, ինչպես նաև Ադրբեջանին դաշնակից Թուրքիայի ճնշումը:

Այսինքն, այս բազմաշերտ ճնշումների ներքո գտնվող անձի կամ անձանց խմբի համար բավականաչափ բարդ է հստակ երաշխիքներ տալ և ապահովել հրադադարի իրականացումը, ինչն իր հերթին պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով: Ի վերջո, այս պատերազմում արդեն իսկ բավականաչափ մեծ խաղադրույքներ են դրվել, և դրվել են ոչ միայն Ալիևի կողմից: Պարզապես Ալիևը ի պաշտոնե ներկայացնում է այդ բոլոր շահերը, և այս իրողության հիմա վրա էլ, բնականաբար, չի կարող որևէ արժեքավոր երաշխիք տալ: Բացի կողմերից տրված երաշխիքներից, հրադադարի փաստաթղթի և, ընդհանրապես, հրադադարի ռեժիմի իրացման առարկայական այլ մեխանիզմ չկա: Այսինքն, չկա որևէ երրորդ կողմ, որը կապահովի կամ կերաշխավորի հրադադարի պահպանման մեխանիզմների արդյունավետ գործարկումը»,-շեշտեց Ա. Պետրոսյանը:

Դիտարկելով որոշակի հայտարարություններ, ուղերձներ՝ Ա. Պետրոսյանը նշեց, որ, առհասարակ, հակամարտությունների ակտիվ պատերազմական գործողությունների ընթացքում հնչած որոշակի ուղերձները նաև այլ նպատակ կարող են ունենալ: «Որևէ երկրի առաջնորդի կամ տարբեր դերակատարների ուղերձները ոչ միայն ներքին, այլև արտաքին լսարանին ուղղված հստակ մեսիջներ են պարունակում: Այսինքն, դրանք պետք է գնահատել դիվանագիտական հարթության մեջ: ՀՀ վարչապետի հստակ ուղերձը, որն իր մեջ ամփոփում էր հարցերի պատասխաններ մի քանի ուղղություններով, գուցե այս պահին ուղղված է չերևացող, ստվերային դիվանագիտական ձևաչափերում ընթացող բանակցություններին: Հիշենք, որ նախ՝ Արցախի նախագահի, ապա ՀՀ վարչապետի ուղերձներին նախորդել էր ՌԴ ԱԳ նախարարի տված հարցազրույցը, իսկ նշվածներին հաջորդեց Թուրքիայի և ՌԴ նախագահների հեռախոսազրույցը:

Սա ենթադրում է բուն հակամարտային ձևաչափից դուրս ինչ-որ միջնորդական ձևաչափի հնարավորության մասին: Այս հեռախոսազրույցի ընթացքում քննարկված հարցերի, և, ընդհանրապես, Թուրքիա-Ռուսաստան ամենաբարձր մակարդակում ձեռք բերված հնարավոր պայմանավորվածությունների և դրանց իրացման հնարավորության մասին ավելի պարզ կլինի առաջիկայում: Մասնավորապես, երբ հստակ գործընթացներ նշմարվեն մարտադաշտում, ինչը կարող է դրսևորվել, օրինակ՝ Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի թուլացման տեսքով կամ էլ ադրբեջանական կողմի պաշտոնական հռետորաբանության մեջ ենթադրելի փոփոխություններով:

Ընդհանուր առմամբ, ասածս այն է, որ իրադարձությունները շատ արագ են զարգանում, և հարցազրույցները, պաշտոնական ուղերձները, հեռախոսազրույցները որոշակի հարթությունում նաև դիվանագիտական հստակ քայլեր են ու նպատակային մեսիջներ են պարունակում»,-ընդգծեց նա: Խոսելով ադրբեջանա-թուրքական տանդեմի նպատակների ու արդեն այս փուլում գրանցված ձախողումների մասին՝ Արմեն Պետրոսյանը նկատեց. «Փորձ է արվել ադրբեջանա-թուրքական այս ագրեսիայի նպատակներն առարկայացնել միաժամանակ մի քանի հարթություններում: Ռազմական հարթությունում նպատակը շատ արագ և կարճ ժամանակահատվածում առավելագույն ռազմական հաջողության հասնելն էր: Նպատակ կար նաև դիվանագիտական հարթությունում կապիտալիզացնել նշված ռազմական հաջողությունը, բանակցային կարգավորման ձևաչափում հօգուտ Ադրբեջանի նոր իրողություններ արձանագրել:

Այդ արձանագրումը կարող էր լինել և՛ Թուրքիայի աջակցությամբ, և՛ առանց Թուրքիայի աջակցության՝ պայմանավորված մարտադաշտում ձևավորված իրողություններով: Բայց քանի որ հայկական փառապանծ զինված ուժերը տապալեցին այդ նպատակը, և, ընդհանրապես, հայ ժողովուրդը միասնականորեն կարողացավ ձախողել թշնամական այս լայնածավալ ծրագիրը, փաստացի, իրողությունները փոխվեցին: Պատերազմական գործողությունների առաջին փուլում թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական հարթություններում թշնամին չկարողացավ որևէ առարկայական հաջողություն արձանագրել: Առաջին փուլը պայմանականորեն կարելի է համարել մինչև Մոսկվայում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Նշված փուլում թշնամին գոնե պլան մինիմումին չկարողացավ հասնել: Այդ պլան մինիմումի մեջ էր մտնում մարտադաշտում արձանագրված իրողությունների համապատկերում առնվազն Թուրքիայի ներկայության ապահովում բանակցային ձևաչափում: Մոսկվայում եռակողմ համաձայնությունը փաստում է, որ գոնե մինչ այժմ տեղի ունեցած զարգացումների համապատկերում դիվանագիտական հարթության մեջ հակառակորդն այս ուղղությամբ չկարողացավ հասնել որևէ հաջողության»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular