ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բազ­մաբ­նա­կա­րան բնա­կե­լի շեն­քե­րում կա­ռու­ցել ստոր­գետ­նյա ավ­տո­կա­յա­նա­տե­ղի­ներ, որոնք կա­րող են օգ­տա­գործ­վել որ­պես ապաս­տա­րան­ներ. նա­խա­գիծ․«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի մեկնարկից օրեր անց, երբ խոսվում էր օդային տագնապ հայտարարելու հնարավորության մասին, և թե ինչ պետք է քաղաքացիներն անեն այդ իրավիճակում, առաջին հարցը, որ բարձրացվեց՝ իսկ որտե՞ղ պետք է պատսպարվենք: ԱԻՆ-ը տեղեկացրեց, որ պաշտպանական կառույցներ են նկուղը, կիսանկուղային հարկերը, մետրոպոլիտենը , ստորգետնյա կառույցները, ստորգետնյա ավտոկայանատեղիները, կախված տեղանքից նաև՝ ջրատարը, խորացված այլ կառույցները, խորշերը։ Գաղտնիք չէ, որ, օրինակ՝ նկուղներում շատ դեպքերում բացառապես կոյուղին է, դրանցից շատերն ուղղակի պիտանի չեն որպես ապաստարան շահագործման:

Ինչպես ասում են՝ ցանկացած հարց քննարկենք սեփական օրինակով: Եթե մեր թաղամասում, իսկ ես բնակվում եմ Աջափնյակում, հնչի օդային տագնապ, ես պետք է փորձեմ պատսպարվել մեր նկուղում, որտեղ կոյուղին է, այն որպես նկուղ չի էլ ծառայում, չկան պատուհաններ և անգամ մի քանի րոպե այնտեղ մնալը գրեթե անհնար է: Մեր տան մոտակայքում, բնականաբար, չկա մետրոպոլիտեն, ստորգետնյա ավտոկայանատեղի և նմանատիպ կառույցներ: Սրանք հարցեր են, որոնց լուծման մասին մենք, ավաղ, մտածում ենք միայն այն ժամանակ, երբ վտանգն «ուղտի պես չոքում է մեր դռանը»:

Թերևս այս հարցերը հաշվի առնելով էլ քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել քաղաքաշինության նախագահի մի շարք հրամաններում: Նշվում է, որ ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող, արդիականացվող, ընդլայնվող բնակելի, կրթական, առողջապահական, վարչական և հասարակական այլ նշանակության շենքերի և շինությունների համար նկուղային և որմնախարսխային հարկերի, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների նախագծման, նորոգման, դրանցում քաղաքացիական պաշտպանության կառույցների շենքերի (ապաստարանների և/կամ թաքստոցների) տեղակայման մասով գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերը լրամշակման կարիք ունեն:

Հասարակական շենքերի նկուղային և որմնախարսխային հարկերի, ստորգետնյա ավտոկայանատեղիների կառուցման, ինչպես նաև գոյություն ունեցող նկուղային հարկերում ապաստարանների և թաքստոցների տեղակայման, դրանց ընթացիկ նորոգման աշխատանքների և այդ տարածքների բավարար ու անվտանգ շահագործման ապահովումը կարևորվում է հատկապես արտակարգ իրավիճակների պայմաններում: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է՝ «Հասարակական շենքեր և շինություններ» շինարարական նորմերի նախագծի ամբողջական փաթեթը սահմանված կարգով արդեն իսկ ներկայացվել է պետական մարմինների քննարկմանը և լրամշակվել ներկայացված առաջարկությունների համաձայն:

Նախագծի վերջնական մշակված տարբերակը ներկայացվել է արդարադատության նախարարություն՝ փորձագիտական եզրակացության: Նախագծի ընդունման պարագայում ակնկալվում է Հայաստանի տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի և հասարակական շենքերի նկուղային, որմնախարսխային հարկերում, ստորգետնյա ավտոկայանատեղիներում քաղաքացիական պաշտպանության կառույցների նախագծման (տեղակայման) և շինարարության արդյունավետ իրականացման համար իրավական հիմքերի ստեղծում, նորմատիվատեխնիկական կարգավորումների ապահովում:

Առավել կարևորվում է բազմաբնակարան բնակելի շենքերում ստորգետնյա ավտոկայանատեղիների նախատեսում ու դրանք որպես ապաստարաններ օգտագործելու հնարավորությունը: Միաժամանակ հասարակական շենքերում կարևորվում է դպրոցական, նախադպրոցական, առողջապահական, մշակութային և մարզական, վարչական օբյեկտների նկուղային հարկերում ապաստարանների և թաքստոցների ներկառուցման կամ հարմարեցման անհրաժեշտությունը՝ սահմանվող պարտադիր պահանջների կիրառմամբ (հատկապես բնակելի, դպրոցական, նախադպրոցական, առողջապահական, մշակութային և վարչական օբյեկտների, առևտրի մեծ կենտրոնների, սպորտային և հյուրանոցային համալիրների և այլն): Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular