Մենք դեռ կհասցնենք մեր հերոսներին փառաբանել, զոհերի մասին գրքեր ու հուշեր գրել, այս պատերազմի ամեն մի դրվագը հանձնել թղթին՝ որպես սերունդ կրթող պատմություն։ Մենք դեռ պետք է ամոքենք զոհվածների հարազատների անսահման վիշտն ու մխիթարենք սեւազգեստ մայրերին։ Մենք դեռ պետք է բուժենք մեր ֆիզիկական ու հոգեւոր վերքերը, որոնք ստացել ենք այս դաժան պատերազմի ընթացքում, եւ պետք է ուժ գտնենք մեր մեջ՝ ապրելու, կառուցելու, վերականգնելու հակառակորդի ավերածն ու հողին հավասարեցրածը։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Բայց այսօր յուրաքանչյուր հայի սիրտն ուռչում է հպարտությունից՝ այս տղաների նկարներին նայելով։ Նրանք են պահում մեր սահմանը, նրանց արիությունից է ուժ առնում այսօր մեր հասարակությունը։ Նրանցից ամեն մեկը մի կենդանի հերոս է, որն իր կյանքը վտանգելով՝ մեզ ազգ կոչվելու իրավունք է շնորհում։