ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուր­քի­ա­յի ագ­րե­սիվ նկրտում­նե­րը զսպե­լու մի­ջոց­նե­րը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունները և լայնածավալ էսկալացիան տարածաշրջանային լուրջ զարգացումներ են ենթադրում։ Եվ այստեղ իր մտահոգիչ դերակատարությունն ունի Թուրքիան, որը շահագրգռված է անկայուն իրավիճակի պահպանմամբ։ Թուրքիան ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա՝ մարտահրավեր նետելով Ռուսաստանին, քանի որ տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը համարվում է ռուսական շահերի ազդեցության գոտի։

Իր սահմաններից դեպի արևելք թուրքական ակտիվությունը նոր երևույթ չէ։ Խորհրդային միության փլուզումից հետո՝ 1990ական թվականներին, լայն հնարավորություններ բացվեցին Թուրքիայի համար հետխորհրդային տարածքում որոշակի դերակատարություն ստանձնելու հարցում, որը հիմնականում դրսևորվեց հետխորհրդային թյուրքալեզու հանրապետությունների հետ համագործակցության խորացմամբ և թուրքական ազդեցության տարածման տեսքով։ Եվ պատահական չէ, որ 1992 թ. փետրվարին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հայտարարում էր, որ Խորհրդային Միության փլուզումը «հսկայական թյուրքական աշխարհի» սկիզբն է, որը ձգվելու է «Ադրիատիկ ծովից մինչև Չինական մեծ պատը»:

Իսկ 1992 թ. հոկտեմբերին Անկարայում Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը և վարչապետ Սուլեյման Դեմիրելը կազմակերպեցին թյուրքախոս երկրների առաջին գագաթաժողովը, որին մասնակցում էին Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի նախագահները։ Թուրքիայի ղեկավարության նախաձեռնությամբ թյուրքախոս երկրների գագաթաժողովների անցկացման պրակտիկան շարունակվեց նաև հետագայում: 1992 թվականից մինչև 2010 թվականը թյուրքական երկրների գագաթաժողովներ են կազմակերպվել մոտ տասն անգամ, որոնց հիմնական արդյունքներից մեկը եղավ 2009 թվականին թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի ստեղծումը։

Գագաթաժողովների և թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի շրջանակներում մասնակից երկրները փորձում են տարբեր հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել, շոշափվում են նաև անվտանգային ու քաղաքական խնդիրները, այդ թվում՝ Արցախյան հիմնախնդիրը։ Հետաքրքրական է, որ նշյալ խորհրդի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովը անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցավ հենց Բաքվում։ Համաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարություն արեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովելու և այդ երկրին աջակցելու պատրաստակամության մասին, իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևն իր ելույթում նշեց, թե «Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։

Իրենց այս պանթուրքական ծրագրերի իրականացման հարցում Թուրքիան և Ադրբեջանը արդեն խոսքից գործի են անցել, և պարզ է, որ հարցը միայն Արցախով չի սահմանափակվելու։ Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի այսպիսի պլաններն ուղղված են ոչ միայն Հայաստանի ու Արցախի դեմ, այլև նպատակ են հետապնդում Ռուսաստանին ուղղակի դուրս մղել տարածաշրջանից։ Պատահական չէ, որ Ռուսաստանը ձգտում է ցույց տալ, որ հակամարտության գոտում առաջնային խաղացողն ինքն է, և միջնորդում է, որպեսզի հայկական ու ադրբեջանական կողմերի միջև հրադադար հաստատվի և պահպանվի, իսկ Թուրքիան Ադրբեջանին մղում է հրադադարի խախտմանն ու ռազմական գործողությունների վերսկսմանը։

Թուրքիայի ագրեսիվ նկրտումները այնպիսի պայմաններ են ստեղծում, որ Ռուսաստանը կոշտ քայլերի դիմի։ Եվ իրավիճակն իսկապես պահանջում է, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը գործի ողջ ներուժով, որի դեպքում հնարավոր կլինի զսպել և Հարավային Կովկասից դուրս մղել Թուրքիային։ Սրա անհրաժեշտության մասին սկսել են խոսել նաև ռուսական փորձագիտական շրջանակները, որն իր բանաձևումն է գտել ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովի այն բնորոշման մեջ, որ եթե չեն ցանկանում լսել Լավրովին, ստիպված կլինեն լսել Շոյգուին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular