Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Անկում՝ կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքից առաջ. Արա Գալոյան

Այս օրերին համաշխարհային լրատվության հիմնական թեման նոր կորոնավիրուսի երկրորդ գրոհի մասին է: Այս մասին իր հոդվածոըւմ գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ու իրավիճակին լրիվ համահունչ հրապարակվեցին մեր երկրի սոցիալ -տնտեսական վիճակը բնութագրող այս տարվա հունվար-օգոստոսի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Այս պուճուր տեղեկագիրը ներառում է յոթ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշ:

Նախորդ ամսվա տվյալների համեմատ դրանցից միայն մեկն է դրական միտում դրսևորել: Նույնիսկ այն ոլորտները (արդյունաբերություն և էլեկտրաէներգիայի արտադրություն), որոնք անցած ամիս նախորդ տարվա համեմատ աճ ունեին, օգոստոսին «կրճատել են» աճի տեմպը: Նշենք նաև, որ այս հաշվետվության մեջ գյուղատնտեսության մասին տվյալներ չկան: Մեր վիճակագրությունը գյուղատնտեսության ոլորտի տվյալներն ամփոփում ու ներկայացնում է եռամսյա կտրվածքով:

Հրապարակվող մակրոտնտեսական ցուցանիշներից առաջինը մեր իշխանությունների սիրելի Տնտեսական ակտիվության ցուցանիշն է: Այն մի ամիս առաջ «ընդամենը» 5.7 տոկոսանոց անկումը էր գրանցել: Հունվար-օգոստոսին անկումը ավելի մեծ է՝ 6.4 տոկոս: Նախորդ՝ հունվար-հուլիսի համեմատ, որ արդյունաբերության 1.3 տոկոսանոց աճ էր արձանագրելը, հիմա աճի տեմպը նվազել է՝ կազմելով 0.9 տոկոս: Համավարակի օրերին ամենաշատ պատուհասված ոլորտը՝ շինարարությունը, օգոստոս ամսին մի փոքր աշխուժացել է:

Մի ամիս առաջ նախորդ տարվա համեմատ կրճատումների ծավալը ռեկորդային էր՝ 22.6 տոկոս: Հիմա էլ շինարարությունը շարունակում է մնալ համավարակային 2020-ի ամենաշատ կրճատված ոլորտը, որովհետև հունվար-օգոստոսի տվյալներով 19.1 տոկոսով զիջում է 2019-ի համապատասխան ժամանակաշրջանի տվյալին: Անցած ամսվա համեմատ 0.5 տոկոսով «դիրքերը զիջել է» առևտուրը:

Անցած տարվա համեմատ հիմա առևտրի շրջանառությունը 11.5 տոկոսով է պակաս: Նույնիսկ ծառայությունների ոլորտի թվերն են անցած ամսվա համեմատ նահանջել (10.8 տոկոս պակաս անցած տարվա համեմատ): Հունվար-հուլիսին էլեկտրաէներգիայի արտադրությունը նախորդ տարվա համեմատ 3.4 տոկոս աճ ուներ: Այս ոլորտում էլ աճի տեմպը դանդաղել է, հիմա 1.9 տոկոսով է գերազանցում նախորդ տարվա ցուցանիշը: Օգոստոսին դանդաղել է նաև միջին աշխատավարձի աճը: Դանդաղել է նույնիսկ պետական հատվածում: Բայց հուզվել պետք չէ՝ դանդաղել է ընդամենը 0.7 տոկոսի չափով: Անգամ այս պարագային պետական ոլորտում աշխատավարձի աճի ցուցանիշը երկու անգամից ավելի առաջանցիկ է ոչ պետական հատվածի աշխատավարձերի աճից:

Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները նախորդ տարվա համեմատ պակաս են 10.2 տոկոսով (հունվար-հուլիսին համեմատական ցուցանիշը 11.3 տոկոս էր): Մեր արտահանումների ծավալը նախորդ տարվա համեմատ պակասել է 16 տոկոսով: Արդյունաբերության աճի ու արտահանումների ծավալի 16 տոկոսանոց անկումը բացատրվում է հանքահումքային արդյունաբերության աճով ու արտադրանք-մետաղական խտանյութերի արտահանումով:

Բայց դրանց ստույգ ծավալները կհրապարակվեն նախնական հաշվետվությունից մոտ 10 օր հետո (այդպիսին է մեր վիճակագրության աշխատանքային գրաֆիկը): Իսկ ներմուծումների ծավալն անցած ամսվա 13.7 տոկոսանոց կրճատման ֆոնին հունվար-օգոստոսին 12.4 տոկոս է դարձել: Փաստորեն, մակրոտնտեսական ցուցանիշներից միայն շինարարության ու արտաքին ապրանքաշրջանառության թվերն են, որ անցած ամսվա համեմատ դրական միտում ունեն (միաժամանակ զիջելով 2019-ի ցուցանիշներին): Նույնիսկ մակրոտնտեսական վերջին՝ դրամի փոխարժեքն է մի փոքր «նահանջել», բայց այնքան փոքր ծավալով, որ ուշադրության արժանի չէ:

 

 

website by Sargssyan