Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ադրբեջանի մարտավարական մոտեցումը անդադար սադրանքների ապահովումն է

1or.am կայքի զրուցակիցը ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանն է։

— Պարոն Աբրահամյան, հակառակորդը շարունակում է Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական գյուղերի շրջանում ռմբապաստարանների կառուցումն ու ամրաշինական աշխատանքները։ Հուլիսյան մարտերից հետո ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդի նման ակտիվությունը, հակառակորդը ի՞նչ խնդիր է փորձում լուծել։

— Ամրաշինական աշխատանքները մշտապես ընթանում են, իսկ Տավուշյան գործողություններից հետո բնական է, որ նրանք կակտիվանային, որովհետև առաջնագիծը ըստ էության փոփոխության էր ենթարկվել։ Եվ թե ինչի է պատրաստվում Ադրբեջանը, կարծում եմ, դա մեր հանրության համար պարզ է՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և դրա մասին նա հայտարարել է շատ վաղուց։

— Ադրբեջանը պարբերաբար հայտնում է, իբր հայկական կողմը կրակ է բացում իր սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, որը ՀՀ ՊՆ-ն հերքում է։ Ի՞նչ հիմնական խնդիրներից է փորձում հակառակորդն իր բնակչության ուշադրությունը շեղել՝ այդպիսի ապատեղեկատվություն տարածելով։ Հայկական կողմն ինչպե՞ս կարող է հակազդել հակառակորդի սադրանքներին ու ապատեղակատվական քարոզչությանը։

— Ադրբեջանի մարտավարական մոտեցումը անդադար սադրանքների ապահովումն է, ինչին մենք միշտ ականատես ենք լինում տարբեր ուղղություններով, և, ցավոք, այդ սադրանքները միշտ շարունակվելու են։ Իսկ թե ինչպես պետք է հայկական կողմը հակազդի այդ սադրանքներին և ապատեղեկատվության քարոզչությանը պետք է ասեմ, որ դրանք երկու հարթության խնդիրներ են նախ առաջնագծում հակազդում են զինված ուժերը, իսկ քարոզչական դաշտում այն կառույցները, որոնք զբաղվում են տեղեկատվական քաղաքականության իրացմամբ, այսինքն տեղեկատվական գործողությունների պատասխանատուն են։ Այս հարցը մի քանի մակարդակ է ուսումնասիրում՝ ներքին հարթությունում, որի նպատակն է ոչ միայն բուն եղելությունը ներկայացնելը, նաև միջազգային հանրությանը այլ հայկական կողմի քայլերը շատ ավելի ընկալելի դարձնելը միջազգային հանրության համար։ Իսկ առաջնագծում, ինչպես արդեն նշեցի, հակազդում են զինված ուժերը և մեր առաջնային խնդիրը հենց դա է և նրանց գործողություններից է կախված թե հակառակորդի սադրանքները ինչ շարունակություն են ունենում և ինչպիսի հաճախականություն են ապահովում։

Սոնա Գիշյան

www.1or.am

website by Sargssyan