Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հայաստանյան տարօրինակ ու անտարբեր քաղաքական իրականությունը

Մի բան հաստատ է և հանուն ճշմարտության պետք է փաստել, որ Նիկոլ Փաշինյանն ու յուր թիմն այնուամենայնիվ մի քանի «տաղանդ» ունեն, մասնավորապես՝ նրանք անվերջ խոսում են և էական ու նյութական ոչինչ չեն անում: Ողջ թիմն ամբողջությամբ դաշտում թացն ու չորն իրար է խառնել, և մի կարևորագույն դրվագ ևս՝ առաջնայինն ու հարյուրերոդականը տեղերով արմատապես փոխել են։
 
 Համաձայն եք չէ, որ անշուշտ, այսպիսի աճպարարությունները խիստ կարճաժամկետ արդյունավետություն ունեն, և արդյունքում ունենք գլխիվայր շրջված իրականություն։
 
 Առաջին առումով այդ ամենը հանգեցրեց նրան, որ իշխանության ներկայացուցիչներին ավելի ու ավելի քիչ մարդ է լսում ու դիտում։ Զարմանալի չի լինի, եթե պարզվի, որ հանդիսատես-ունկնդիրների ճնշող մասն էլ լրագրողներն են՝ աշխատանքի պարտադրանքով։ Երկրորդ դրույթի արդյունքը իշխանավորների ստերի անդադար բացահայտումն է, ինչը հանգեցրել է վստահության խորը ճգնաժամի։
 
 Ճարտարախոսությամբ քողարկված սուտն է այս իշխանության դեմքը, որն արդեն ճաքեր է տալիս կեղծիքի գերադոզավորումից։ Դե, իսկ երրորդ «տաղանդը» ամենից ազդեցիկ ու արդյունավետն է՝ մարդկանց զգոնությունը բթացնելու առումով։ Որպես ասվածի դասական օրինակ կարող է հանդիսանալ ամեն մետր ասֆալտը, որին անմիջապես հաջորդում է վարչապետի կենցաղային տեսարաններով լցված լրահոսը, ինչը տեղում դոփելու զգացողություն է առաջացնում։
 
 Անկարևորը կարևորին ստորադասելու փայլուն օրինակ են պաշտպանիչ դիմակներն ու ՀԴՄ կտրոնները։ Համավարակի դեմ պայքարում ևս, չկարողանալով հենց սկզբից արդյունավետ միջոցներ ձեռնարկել, իշխանությունները պետության հիմնական գործը համարեցին դիմակ կրելու պարտադրանքը՝ աչքաթող անելով առաջնային կարևորության առողջապահական խնդիրները, որոնց մասին տարբեր կողմերից հուշում էին ոլորտի մասնագետները։
 
  Դիտարկենք մի դրվագ։ Սեպտեմբերի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Եգիպտոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել էր․ «Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Միաժամանակ սեպտեմբեր 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպելու առաջարկ են արել՝ հրավիրելով նրանց «առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ՝ համապատասխան դիրքորոշումների հստակեցման համար, առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով»: Սակայն մեր իշխանությունները լուռ են։ Ի վերջո, ի ՞նչ վիճակում է բանակցային գործընթացը։ Ինչո՞ւ է իշխանությունը մտածում, որ հասարակության համար դդմիկի ու սպանախի արտանահման ավելացումն ավելի կարևոր է, քան Արցախի շուրջ ընթացող բանակցությունների բովադակությունը։ Հանրությունն իրավունք ունի, ուզում է և պետք է իմանա , թե ինչի շուրջ են բանակցում։
 
 Հուլիսին տավուշյան դեպերից հետո, ոգևորված բանակի հաջողություններով, պարգևատրումներ արեցին․․․ ու վերջ, լռություն այս եռացող տարածաշրջանում։ Թող մեկն ու մեկն ապացուցի, որ ճիշտ քաղաքականություն է՝ Հայաստանի և Արցախի անվտանգության հարցը թողած կենտրոնանալ դիմակ-տուգանք-ՀԴՄ կտրոնի վրա։ Այս ամենն ակամա հարց է ծնում՝ ի վերջո ո՞ւմ շահերն է առաջ տանում ՀՀ գործող իշխանությունը։
 
Անդրանիկ Կիրակոսյան
 
 
 
 
 
 
 
 
 
website by Sargssyan