Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Կոռուպցիա չկա… պապայի արև

Համատարած անգործության պայմաններում, Հայաստանի հեղափոխական իշխանությունների ամենամեծ «կոզրներից» մեկը նոր Հայաստանում կոռուպցիայի բացակայությունն է: Ասֆալտը, զինվորի սնունդը և կոռուպցիայի բացակայությունն արդեն երկար ժամանակ դարձել է իշխանական պատգամավորների «բերանի ծամոնը»: Ասֆալտին և զինվորի սնունդին կանդրադառնանք ավելի ուշ:
 
Այսօր խոսենք միայն կոռուպցիայի, կամ ավելի ճիշտ դրա իբր բացակայության մասին: Քանի որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ մինչ օրս ընկալում է չկայացած ունիվերսալ լրագրողի մակարդակով, որը ամեն հարցին վերաբերում է մակերեսորեն, առանց հարցի էության խոր ուսումնասիրության, նրան թվում է, որ եթե պետավտոտեսուչը կամ մաքսավորը կաշառք չեն վերցնում ուրեմն երկրում կոռուպցիա չկա: Զարմանալու չէ, եթե վարչապետը մինչ օրս մտածում է, որ տնտեսության զարգացման միակ գրավականը ՀԴՄ կտրոնն է, իսկ Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին, նրանից այլևս շատ բան չկա պահանջելու:
 
Վերադառնալով կոռուպցիային` բերենք մի քանի փաստ: 2019-20թթ. Հայաստանի պետական համակարգի գնումների 60-70% իրականացվել է «մեկ աղբյուրի» սկզբունքով: Իսկ դա նշանակում է, որ այս կամ ծառայությունը կամ ապրանքը գնելու կամ շինարարություն իրականացնելու համար գերատեսչությունները մրցույթ (տենդեր) չեն հայտարարել: Փոխարենը այդ գերատեսչության ղեկավարները պատահական կամ ոչ պատահական անձանց և կազմակերպությունների են առաջարկել իրականացնել գործընթացը: Կհարցնեք ինչո՞ւ պատահական: Որովհետև, եթե ուշադիր ուսումնասիրում եք այդ կազմակերպությունների պատմությունը, կտեսնեք, որ նրանցից շատերը ստեղծվել են պայմանագիր կնքելուց մի քանի օր կամ ամիս առաջ:
 
Իսկ եթե ավելի խորը ուսումնասիրեք ապա կտեսնեք, որ այդ կազմակերպությունները կամ ծառայություն մատուցող անձիք ղեկավարների բարեկամներն են, ընկերները կամ սանիկները: Օրինակ, ստացվել է այնպես, որ Գյումրիի մաքսատան նախագծողը ՀՀ գլխավոր մաքսավոր Շուշանիկ Ներսիսյանի «դվայուրոդնի» եղբայրն է, իսկ «Տավուշտեքստիլը» (որից արդեն գնել են և դեռ պատրաստվում են գնել միլիոնավոր դոլարների դիմակ) Իջևանի և իջևանցիների հետ որևէ կապ չունի:
 
Դե իսկ պարգևավճարները մեր իշխանավորները դարձրել են ոչ թե կոնկրետ աշխատանքի համար վճարված պարգև, այլ՝ բնավորություն: Պարոնա՛յք, եթե մարդը գումար է ստանում ոչինչ չանելու համար՝ դա կաշառք է: Բյուջեից կատարած յուրաքանչյուր անիմաստ ծախս՝ ևս կոռուպցիա է: Կոռուպցիան պոզով-պոչով հո՞ չի լինում: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այս իշխանության շատ ներկայացուցիչներ անմեղ հայացքով նայում են վրադ ու ասում, որ իրենք չեն կարող զբաղվել կոռուպցիայով, որովհետև… չեն կարող: Մնում է ավելացնեն՝ պապայի արև: Հետաքրքիր է՝ ինչպես է ստացվում, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում բարելավվել է միայն իշխանության և նրանց «կերակրատաշտին» մոտ կանգնած հպարտ քաղաքացիների սոցիալական իրավիճակը: Իսկ մնացած հպարտներինը… Ինչպես մի հին անեկդոտում է ասվում, իսկ մնացած հպարտները մնացին փշալարից կախված:
 
Միքայել Ղևոնդյան
 
 
website by Sargssyan