Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Օգոստոսին եղել է գնանկում. 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 1.1 տոկոս

2020թ. սեպտեմբերի 15-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 4.25%:

2020թ. օգոստոսին արձանագրվել է 0.1% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 1.8%: Միևնույն ժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը փոքր-ինչ ավելացել է՝ կազմելով 1.1%։

2020թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում փաստացի արձանագրված տնտեսական աճը եղել է ԿԲ կանխատեսումների շրջանակում, իսկ հուլիսին նախորդ ամսվա համեմատ գրանցված տնտեսական ակտիվության սպասվածից ցածր ցուցանիշը պայմանավորվել է ծառայությունների ոլորտի կրճատմամբ։ Առաջին կիսամյակում գնահատվածից ավելի մեծ է եղել մասնավոր ծախսումների կրճատումը, որի զսպող ազդեցությունը ներքին պահանջարկի վրա մասամբ մեղմվել է Կառավարության կողմից իրականացրած խթանող հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությամբ: Նշված փաստացի զարգացումների, համավարակի հաղթահարման ժամկետների հետ կապված պահպանվող մեծ անորոշության և այդ պարագայում հասարակության կողմից ցուցաբերվող զգուշավոր սպառողական և ներդրումային վարքագծի ներքո գնահատվում է, որ առաջիկա եռամսյակներում ներքին պահանջարկը և տնտեսական ակտիվությունը կվերականգնվեն սպասվածից ավելի դանդաղ տեմպերով:

Հաշվի առնելով պահպանվող ցածր գնաճային միջավայրը, ինչպես նաև արտաքին ու ներքին պահանջարկի վերականգնման որոշակի հետաձգման հանգամանքը` ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Տնտեսական սպասվող զարգացումների պարագայում ԿԲ Խորհուրդը հակված է առաջիկայում ևս շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը` գնահատելով, որ անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետ հատվածում: Արդյունքում, միջինժամկետ հատվածում գնաճն աստիճանաբար կավելանա և կանխատեսվող հորիզոնի վերջում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ:

Միաժամանակ, քանի որ ներկա իրավիճակում տնտեսության տարբեր հատվածները կրել են խիստ անհամաչափ վնասներ, իսկ դրամավարկային քաղաքականությունն ունի ընդհանուր ազդեցություն, ԿԲ Խորհուրդը մնում է այն համոզմանը, որ դրամավարկային խթանման հետ մեկտեղ համախառն պահանջարկի վերականգնման համար առանցքային է հարկաբյուջետային ավելի խթանող քաղաքականության իրականացումը։

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ ծրագրված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերն հիմնականում հավասարակշռված են և դրանց դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2020 թ. սեպտեմբերի 30-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2020թ. երրորդ եռամսյակի ծրագրում):

website by Sargssyan