Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Վճարիր և խուսափիր ծառայությունից, կամ ի՞նչ կտա նոր օրենքը կիսապատերազմական Հայաստանին

Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է շրջանառության մեջ դրված նոր օրենքի նախագծին։

Ներկայացվող նախագծի համաձայն` 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ովքեր չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։

Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ` նախաձեռնության հետ կապված խնդիրներից մեկն այն է, որ զորակոչի ֆունկցիան ոչ միայն այս պահին թափուր ծառայության տեղը լրացնելն է, այլ նաև պահեստազոր պատրաստելն ու մոբիլիզացիոն ռեզերվ ստեղծելը։

«Եթե լինի պատերազմական իրավիճակ, այդ անձինք կարող են շատ արագ, առանց ժամանակ կորցնելու զորակոչվել ու համալրել զինված ուժերի շարքերը, այսինքն` նրանց պատրաստելու համար պահանջվելու է շատ քիչ ժամանակ։ Եթե նրանց փոխարինենք վճարովի ժամկետային զինծառայողներով, ապա անհրաժեշտության դեպքում ժամկետայինին չի ստացվի զորակոչել»,– նշում է փորձագետը։

Կարեն Վրթանեսյանի կարծիքով` պետք է հստակ հասկանալ, որ զորակոչը լուծում է ոչ միայն համալրման հարցը,այլև կատարում է պահեստազորի ձևավորման գործառույթ։ Ըստ նրա` տարբեր մարդիկ զարտուղի ճանապարհով խուսափում են հարկեր մուծելուց, ոմանք նույն կերպ հափշտակում են հանրային գույքը, հետևաբար այն անձանցով, ովքեր օրենքը խախտելով չեն ծառայել, պետք է զբաղվեն համապատասխան մարմինները։

«Այս օրենքի ընդունմամբ ստեղծվում է մի իրավիճակ, որ գումար ունեցողները կարող են խուսափել ծառայությունից, իսկ նրանք, ովքեր այդքան գումար չունեն, պետք է պարտադիր ծառայեն։ Այս կերպ շատերը փորձելու են գումար հայթայթել, որպեսզի իրենց որդիները բանակում չծառայեն, մինչդեռ մենք պատերազմող երկիր ենք և երկու հարևանների հետ ունենք շատ լուրջ խնդիրներ, որոնցից մեկի հետ գտնվում ենք բացահայտ պատերազմական վիճակի մեջ»,– նշում է փորձագետը։

Եթե սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ ու լինի զորակոչի կարիք, ապա ո՞ւմ հաշվին են համալրվելու զինված ուժերը` տարակուսում է փորձագետն ու հավելում, որ պայմանագրայինների ռեսուրսը բավարար չէ և այնպես չէ, որ յուրաքանչյուր չծառայողի փոխարեն կա մեկը, ով ուզում է դառնալ պայմանագրային զինծառայող, հետևաբար այդ նախաձեռնությունն, ըստ Վրթանեսյանի, բանակից փողով ազատվելու օրինականացում է։

website by Sargssyan