ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վերջին շրջանում տարբեր պաշտոնատար անձանց միջոցով իրականացվող այցերը Ադրբեջանից Թուրքիա կասկածի տեղիք են տալիս»․ Տիգրան Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am-ի հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը։

- Պարո՛ն Աբրահամյան, Տավուշյան դեպքերից հետո նկատելի է ռուսական կողմի ակտիվությունը և կոչերը՝ խնդիրը բանակցային փուլ տեղափոխելու վերաբերյալ, ի՞նչ կասեք այս մասին։ 

— Նախընտրելի է, որ գործընթացները լինեն ոչ թե ռազմաճակատում, այլ բանակցային սեղանի շուրջ և բնական է, որ Ռուսաստանը որպես համանախագահ երկիր և նաև մեր տարածաշրջանում մեծ ակտիվություն և հետաքրքրություն ունեցող երկիր շահագրգռված է, որ գործընթացը ընթանա բանակցությունների սեղանի շուրջ։

- Տավուշյան դեպքերից հետո նաև ակտիվ կրակոցներ են լինում Արցախում : Ձեր կարծիքով մինչև տարեվերջ նոր պատերազմական գործողություններ կլինե՞ն Արցախում , թե՞ Տավուշում ձախողումը Ադրբեջանին կստիպի որոշ ժամանակ զերծ մնալ նոր հարձակումներից։

— Ռազմական գործողությունների հավանականությունը ավելանում կամ նվազում է ներքին գործոններով։ Շատ բան կախված է, թե արդյոք  հնարավոր կլինի վերականգնել բանակցային գործընթացը։ Այդ գործընթացները կախված են նաև Ադրբեջանի ներքին զարգացումների հետ և, իհարկե, տարածաշրջանում անկայունություն հրահրող հիմնական երկիր Թուրքիայի գործողություններից։ Այս պահին բարդ է ասել, թե իրադրությունը ինչպես կզարգանա։

Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։

— Չեմ կարող մեկնաբանել, քանի որ մանրամասներին չեմ տիրապետում, որովհետև հրապարակային հայտարարությունները քիչ են, որ կարողանամ հասկանալ թե իրականում Ռուսաստան-Ադրբեջան ֆորմատով ինչ է քննարկվել։ Եվ իհարկե Ադրբեջանը դրանից առաջ իր անհանգստությունն էր հայտնել Հայաստանի ռազմական մատակարարների մասով ինչը ավելի շատ քարոզչական բնույթ էր կրում։ Ամեն դեպքում Ադրբեջանը փորձում է հետտավուշյան փուլում արտաքին ֆրոնտում ակտիվություն դրսևորել։

- ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ասել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ: Հարցերի այն շրջանակը, որ պետք է քննարկվեն կողմերի միջև, ըստ ձեզ, ինչպիսի՞ անդրադարձ կարող է ունենալ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության վրա։

— Դա կախված է նրանից, թե ինչ օրակարգի շուրջ է լինելու հանդիպումը, և այդ հանդիպմանը կողմերը ինչ պատրաստակամությամբ են ներկայանալու։

- Ի՞նչ կարծիք ունեք Նախիջևանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հնարավորության, և դրա շուրջ Ադրբեջանում ծավալվող քննարկումների վերաբերյալ։

— Ակնհայտ է, որ վաղուց եղել է նպատակ այնտեղ տեղակայելու։ Թուրքիան փորձում է նաև տավուշյան մարտական գործողությունները  օգտագործել Ադրբեջանի վրա իր կարևորության ֆոնը ստեղծելու համար, նաև պրոպագանդել։ Թերևս չկա հաստատուն ոչինչ, բայց վերջին շրջանում տարբեր պաշտոնատար անձանց միջոցով իրականացվող այցերը Ադրբեջանից Թուրքիա կասկածի տեղիք են տալիս։

 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular