ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Թրամփը շնորհավորեր, կասեի նորություն է, բայց չեմ հասկանում` ինչու են այդքան ուրախացել. Լևոն Շիրինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական գիտություների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը 1or.am-ի հետ զրույցում` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձին նշեց, որ, հավանաբար, այն Հայաստանի՝ գույք պարտքի դիմաց գործարքի համար շնորհակալություն հայտնելու մասին է, որով բազմաթիվ ստրատեգիական նշանակության օբյեկտներ հանձնվեցին Ռուսաստանին:

«Պուտինը պետք է նույն ձևով փառաբանի Գորբաչովին, մինչդեռ Գորբաչովին Ռուսաստանում մեղադրում են պետական դավաճանության մեջ: Պուտինն անձամբ է ասում, որ Գորբաչովի կողմից ԽՍՀՄ-ի լուծարումը կատաստրոֆա է եղել: Քոչարյանն էլ Հայաստանի համար է նույն Գորբաչովը եղել: Դրանից բացի Քոչարյանը հանցանք է գործել, զորք է հանել ժողովրդի դիմաց, ինչը Գորբաչովը չի արել: Ուստի թե՛ ցավալի է, թե՛ զարմանալի, որ մի երկրի ղեկավար կարող է իրեն թույլ տալ նման շնորհավորական ուղերձ հղել մի երկրի անցած ղեկավարի, որին ժողովուրդը չի ընդունում: Ես չեմ պատկերացնում արևմտյան պետության մի գործչի, որն այդ սկզբունքով աշխատած լինի: Օրինակ, որ Չերչիլը մեղադրանքների մեջ խճճված մեկ այլ երկրի նախկին ղեկավարի շնորհավորի: Այսօր Պուտինի համար չափազանց կարևոր է զբաղվել Բելառուսով, քանի որ իրենցից հերթական սլավոնական պետությունն է փախչում, և այս պայմաններում հիշել սուվերեն պետության նախկիններին, որոնք ժողովրդի մոտ բացարձակ լեգիտիմություն չունեն և ժողովրդի գիտակցության մեջ որպես պետական դավաճաններ են ընկալվում, ընդունելի չի կարող լինել»,- ասաց Լ. Շիրինյանը:

Քաղաքագետի խոսքով՝ ստրատեգիական գործընկեր համարվող երկիրը պետք է այլ երկրի գործերին չխառնվի և ուղիղ հարաբերությունների մեջ լինի ոչ թե ընդհատակյա ուժերի, այլ գործող իշխանությունների հետ: Մինչդեռ, Շիրինյանի դիտարկմամբ Պուտինի շնորհավորանքը երկիրը ապակայունացնելու փորձ լինելուց բացի, 5-րդ շարասյանն ուղղված մեսիջ է պարունակում: Եվ այժմ ամենը ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի լեգիտիմ իշխանություններին հեղինակազրկելուն:

«Սա կոչվում է փափուկ ուժի կիրառում, բայց ռուսական կողմից մենք պետք է պահանջենք, որ Հայաստանին հանգիստ թողնեն, և եթե դաշնակիցներ են, ապա պետք է կատարեն միայն իրենց դաշնակցային պարտականությունները, ոչ թե ապագա չունեցող քաղաքական դիակներին վերակենդանացնելու փորձեր անեն: Մյուս կողմից էլ, եթե նախկին իշխանությունները գիտակցեին, որ Հայաստանը պետություն է եղել, իսկ իրենք այդ պետության ղեկավարն են եղել, ապա պետք է իրենք հրաժարվեին նման շնորհավորանքներից և ասեին, որ եթե սխալ են եղել, թող Հայաստանի դատավորներն իրենց պատժեն: Ի դեպ, չի բացառվում, որ Պուտինը տեղյակ չլինի այդ շնորհավորական ուղերձից, քանի որ, բոլորին է հայտնի՝ փողը տալիս են ով ինչ ուզես՝ գրում է: Այնպես որ նախ պետք է պարզել, թե Պուտինը տեղյակ է այդ շնորհավորանքի մասին, թե ոչ: Ի դեպ, եթե Թրամփը շնորհավորեր, ես կասեի նորություն է, բայց չեմ հասկանում թե ինչու են այդ շնորհավորանքով այդքան ուրախացել»,- ասաց Լ. Շիրինյանը:

 

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular