ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է. Արա Գալոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին երկու տարում իշխանությունների հպարտության հիմնական թեմաներից էր ցածր գնաճը. չնայած, որ շատ տնտեսագետներ հակառակն էին պնդում: Այս մասին իր հոդվածում գրել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Որքան էլ տարօրինակ է՝ գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է: Դա այսօր ակնհայտ է համավարակի արդյունքում ձեւավորված համաշխարհային տնտեսական ցուցանիշների հրապարակումից:

Նախ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց առեւտրի ծավալների կրճատման մասին: Ավելին ենթադրվում է, որ կրճատման տեմպերը 10-30 տոկոս ծավալով կպահպանվեն մինչեւ տարեվերջ: Հետո Եվրամիության վիճակագիրները տվյալներ հրապարակեցին եվրոպական սպառողների աննախադեպ խնայողության ռեժիմի անցնելու մասին: Համաշխարհային լրատվության ամենատարածված թեմաները աշխատատեղերի ու աշխատավարձերի կրճատման մասին են: Արդյունքում կտրուկ «կրճատվել» է պահանջարկը:

Մեր վիճակագիրներն էլ հունվար-ապրիլ ամիսների տվյալներն ամփոփելիս նշում են, որ առեւտրի ոլորտը կրճատվել է համարյա 10 տոկոսով՝ մանրածախ առեւտուրը նախորդ տարվա համեմատ պակասել է 10.1 տոկոսով, մեծածախը՝ 7.3 (այն, որ անկման պարագային մեծածախ առեւտուրը սկզբում մի փոքր հետ է մնում մանրածախից՝ դասագրքային ձեւակերպում է): Հիմա հայտրարարվում է, որ 2020թ․ հունվար հունիսի սպառողական գների ինդեքսը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 0.5 տոկոս է: Այս ցուցանիշով կարող ենք «հպարտանալ»՝ նշելով, որ Եվրամիության անդամ երկրներին համահունչ ցուցանիշ ունենք:

Իսկապես, զարգացած երկրների մեծ մասում գնաճ չկա: Նույնիսկ նախորդ տարվա համեմատ 1-2 տոկոսանոց գնանկում է արձանագրվել (խոսքը սպառողական գների մասին է): Հիմա այնտեղ էլ տնտեսագետները գնաճի փաստը կընդունեն որպես աչքալուսանք: Որովհետեւ գնաճը վերականգնվող տնտեսական ծավալների առաջին ազդակներից կլինի:

Բայց վերադառնանք մեր թվերին ու արձանագրենք, որ մեր պարագային գնաճի առկայությունը տնտեսության առողջացում-աշխուժացման ցուցանիշ չէ: Այն պարզ պատճառով, որ այն ակցիզային հարկի փոփոխության արդյունք է: Այս տարվա հունիսը նախորդ հունիսի նկատմամբ 1.7 տոկոս գնաճ է արձանագրել (իսկ այս տարվա հունիսը մայիսի նկատմամբ՝ 1.4 տոկոս գնանկում):

Այս տարվա գնաճն ապահովվել է «Ալկոհոլային խմիչք եւ ծխախոտային ապրանքատեսակներ» անվանվող խմբի հաշվին՝ գնաճը կազմել է 9.2 տոկոս: Ծառայությունների ոլորտ կոչվածը ուսուցչի բառապաշարով ասած՝ ազատ թեմայով շարադրություն է մեր իշխանությունների ու պաշտոնական վիճակագրության համար: Այստեղ միշտ էլ հեշտ է «ցանկալի» պատկեր ստանալ: Առաջին կիսամյակի վերջում ցանկալի ասածը գնաճն է, որ «պատկերվել է» 3.5 տոկոսի չափով: Հաջորդ ոլորտը, ուր գնաճ կա, համարյա անհավատալի փոստերի շարքից կլիներ, եթե շարունակություն-բացատրություն չունենար: «Ռեստարաններ, հյուրանոցներ» ապարանք-տողախմբի դիմաց նշված է 1.8 տոկոսանոց գնաճ: Մի շտապեք զարմացած հարցնել՝ «Ովքե՞ր են օգտվել ռեստորաններ-հյուրանոցներից, որ գնաճ են ապահովել»: Հիշեք, թե որտեղ էին մեկուսանում համավարակից պատուհասվածներն ու կասկածվողները:

Իսկ մյուս ոլորտը, ուր համարյա նույնչափ գնաճ կա՝ առողջապահությունն է՝ 1.7 տոկոս (նկատենք, որ բնական լինելու աստիճան տարօրինակ փաստ է): Իհարկե, չի կարելի միանշանակ պնդել, որ սա կոռուպցիայի հետեւանք է: Կարելի է հրաժարվել այդ պնդումից ու ասել, որ դա պարզապես տնտեսությունն ակտիվացնելու փորձ է: Բավական ինքնատիպ փորձ: Ի վերջո մրգերի գնաճն էլ իրականում համավարակի պատճառով է եւ ավելի շուտ վիտամինների ու օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող ապրանքատեսակի գնաճ է:

Այնպես, որ մեր տնտեսությունում կատարվող ամեն ինչ (կամա, թե՝ ակամա) համավարակի հետեւանք-գործընթաց է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular