ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրանքների թանկացման «անմեղները» կամ պաշտոնյաների պրիմիտիվ առաջարկները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որքան փորձում ես լավատեսորեն տրամադրվել այսօրվա համատարած թանկացումներին, այնքան հաճախ ես զգում, որ որևէ լծակ չունես դրանք կանխելու։ Մնում է հույսներս դնենք իշխանության պատկան մարմինների վրա, որոնց տրված է հարցի լուծման բացառիկ իրավունքն ու պարտականությունը։ Ամենօրյա տխուր կամ արդեն քիչ հուսադրող լայվերն ու հարցազրույցները, ճիշտն ասած, չեն կարող կերակրել ոչ երեխային, ոչ էլ ընտանիքի՝ իրավիճակը հասուն դատող մյուս անդամներին։ Չեմ կարող չնշել, որ այդ լայվային «գաղափարական գիգանտների» առաջին հորիզոնականում հայտնվեց Էկոնոմիկայի նախարարը, երբ հայտարարեց այն մասին, որ եթե հնդկաձավարը թանկ է, ապա պետք է օգտվել այլ «փոխարինիչներից» ու ակամա հիշեցի «Գիքորից» մի դրվագ՝ «Աղա, բալը թանկ էր․․․»։

Համաձայն եմ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ֆեսբուքյան գրառման հետ, որում նա ասում է, որ դա վտանգավոր խորհուրդ է և այն սովորաբար անճարակության վկայություն է, որը հավասարազոր է «կարտոֆիլ կերեք», «հարևանից պարտք արեք»․․․․ և՝ եթե այլ խորհուրդ կամ օգնության առաջարկ չկա, ավելի լավ է լռել։ Կարճ ասած՝ Տիգրան Խաչատրյանի ասածից կարելի է ենթադրել, որ եթե թանկ է, ուրեմն մի՛ կերեք։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ ծաղրանք, երբ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հրապարակային նման անլուրջ հայտարարություն, կամ այսպես կոչված, խորհուրդ է հնչում։ Քանի գնում, այդքան շատ եմ համոզվում, որ քաղաքական հարթակը դառնում է թատերաբեմ․ մեկը պնդում է, որ լայվ մտնելը իր աշխատաոճը չէ, երբ տասնյակ տարիներ սիրել և փայփայել է տեսախցիկի առջև աշխատանքը, մյուսն էլ՝ խիստ հակառակը։ Անդրադառնալով թանկացումների ակտուալ թեմային՝ կուզենայի նշել տնտեսագետների մասնագիտական ակնարկը այս հարցի կապակցությամբ։ Խոսքը գնում է օրերս Sputnik Արմենիային Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանի տված հարցազրույցի մասին։ Ուշագրավն այն էր, որ հարցազրույցը կարծես թե թիրախավորում էր երկու բևեռների՝ մի կողմից մեղավոր են մարդիկ, իսկ մյուս կողմից՝ պատկան մարմինները։ Մի դեպքում փորձագետը ասում է, որ թանկացումները կապված են մարդկային գործոնի հետ և շատ ապրանքներ օգնում են մարդկանց կորոնավիրուսի դեմ պայքարում և դրա համար էլ թանկացել են։ Անկեղծ ասած որևէ մասնագետ չկիսեց այս կարծիքը և չհաստատեց, որ, օրինակ, ոսպն ու հնդկաձավարը կարող են պայքարել կորոնավիրուսի դեմ։ Մյուս դեպքում՝ փորձագետը նշում է, որ բավականին լուրջ անելիք ունի ՏՄՊՊ հանձնաժողովը, քանի որ խառը ժամանակներում միշտ էլ կլինեն տնտեսվարողներ, որոնք կփորձեն իրավիճակից օգտվելով գներ բարձրացնել՝ գերշահույթ ստանալու համար, և հանձնածողովը պետք է արդյունավետ աշխատի, արագ մոնիթորինգի ենթարկի նման իրավիճակները և կիրառի վարչական ներգործության մեթոդներ։ Այս հարցում փորձագետի հետ չհամաձայնել չի կարելի, քանի որ առաջարկը օբյեկտիվ և ռացիոնալ է։ Մնում է հասկանանք, թե ինչու՞ ՏՄՊՊ հանձնաժողովը չի անում տեսանելի քայլեր իրավիճակը՝ եթե ոչ արմատապես շտկելու, ապա գոնե մեղմելու հարցում և ինչու՞ գնաճի դինամիկան կանգ չի առնում։

Հուսանք, որ այսուհետ պետական մակարդակով պրիմիտիվ առաջարկներ չեն արվի և առանց այն էլ ընկճված, բայց մեծահոգի ժողովրդի նյարդերը «մտքի անգին գոհարներից» չեն գրգռվի, մանավանդ, որ այդ հայտարարությունները լրացուցիչ տագնապ են առաջացնում։ Հուսնաք նաև, որ «անմեղներ» չեն փնտրվի ակնհայտ մեղավոր պաշտոնյաների շարքում։ Ի դեպ, սննդամթերքի համաշխարհային գները կտրուկ ընկնում են կորոնավիրուսի հետևանքով առաջացած պահանջարկի կրճատման պատճառով․ այս մասին երեկ հայտնել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կայքը:

«Գների անկումը հիմնականում պայմանավորված է պահանջարկով եւ ոչ թե առաջարկի միտումներով: Պահանջարկի միտումների վրա ավելի շատ ազդում են վատ տնտեսական հեռանկարները», -ասում է բաժնի ավագ տնտեսագետ Աբդոլրեզա Աբբասիանը: Լավ կլիներ, որ մեր իշխանությունները հետևեն համաշխարհային միտումներին ու նպարեղենի թանկացումը չհիմնավորեն անհեթեթ պատճառաբանություններով ու «փոխարինիչների» մասին աշխարհացունց դատողություններով։

Լիլիթ Սիլանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular