ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անտարբերության վիրուսից»՝ կորոնավիրուս կամ ու՞ր մնացին ազատամարտիկները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր ամբողջ երկրում գնում է պայքար կորոնավիրուսի դեմ։ Ազգովի կենտրոնացել ենք, որ համաճարակի տարածումը հնարավորինս արագ կանխարգելենք և այդ հարցի միակ արդյունավետ լուծումը՝ դա մեկուսացումն է կամ ինքնամեկուսացումը։ Անշուշտ, թիվ մեկ հարցը՝ կորոնավիրուսն է և մյուս հարցերի քննարկումը կարծես թե մնում է կադրից դուրս։ Սակայն չեմ կարող չանդրադառնալ մի հարցի ևս, որը ինչպես մարդկության այս չարիքը՝ կորոնավիրուսը, ուղիղ կապ ունի մարդու կյանքի կամ առողջության հետ։ Այն, ինչի մասին պետք է բարձրաձայնեմ, ստիպեց ինձ ժամանակից առաջ ընկնել և ակնարկ անել հենց հիմա, հենց այս պահին, երբ ազգիս կոնսոլիդացման և համախմբման բնազդը սկսում է իմպուլսիվ աշխատել․ խնդիրն առնչվում է Արցախյան պատերազմի ազատամարտիկներին, որոնց արիության և իրենց կյանքը զոհելու գնով ենք այսօր արարում, ապրում ու պայքարում։ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խումբը որոշել էր պանդեմիայի ավարտին պես կազմակերպել համատեղ քննարկում ազատամարտիկների հետ՝ նրանց խնդիրների և հնարավոր լուծումների վերաբերյալ։ Վերջերս մեզ հյուրընկալվեց Ղարաբաղյան պատերազմի հերոս Վլադիմիր Մաթևոսյանը /ապարանցի Վլեն/, որի հետ ունացած զրույցից իմացա նաև նրա անցած հերոսական ուղու, հաղթանակների և ինչու չէ՝ առկա խնդիրների մասին, որոնք հետպատերազմյան տասնյակ տարիների ընթացքում այդպես էլ լուծում չեն ստացել։ Ապարանցի Վլեի անցած ուղուն դեռ կանդրադառնանք առանձին թեմայով, այն, ինչի մասին պետք է խոսեմ՝ անհետաձգելի է։ Միգուցե ես նույնպես այդքան խորը չընկալեի այդ պրոբլեմները, եթե շատ պատահաբար չտեսնեի նրա փաստաթղթերում դեղորայքի այն ցանկը, որը նշանակվել և ցուցվել էր մեր հերոսին՝ բժիշկի կողմից։ Հարցի մի կողմն է, երբ ազատամարտիկները իրենց առողջությունը կորցրել են պատերազմի դաշտում և այժմ էլ քաշում են դրա բեռը, սակայն այդ նույն հարցը ունի բացի առողջականը՝ ֆինանսական և բարոյական բաղադրիչներ նույնպես, երբ նման հերոսացած մարդիկ իրենց զգում են պետության կողմից անտեսված և մոռացված։ Այս դրվագին հետևեց երեկ ինձ անձնական նամակով, իսկ հետագայում պարզ դարձավ նաև՝ ժողովրդին ուղված բաց նամակով, դիմած մի ուրիշ ազատամարտիկ, որի նամակից, մեղմ ասած, տեղս չէի գտնում։ Ինձ գրող հերոսը «Արամուս» կամավորական ջոկատի ազատամարտիկ Տիգրան Հարությունյանն էր, որն առաջին կարգի հաշմանդամ է, տեղաշարժվում է շարժասայլակով, ունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնց ոչ թե լուծումը, այլ մեղմացումը հնարավոր է միայն բավականին զգալի քանակով և չափաբաժնով դեղորայքի առկայության դեպքում, իսկ նրան անհրաժեշտ դեղորայքը, ցավոք, հնարավոր չէ հայթայթել կամ ձեռք բերել առանց պետության աջակցության։ Ուրեմն, ստացվում է, որ բացի կորոնավիրուսը, ունեցել ենք և չենք նկատել մեկ այլ՝ «անտարբերության վիրուս», որը հասցրել է մեզ ներկա իրականությանը, երբ մենք չենք կարողանում ապահովել ազատամարտիկներին նվազագույնով՝ գոնե դեղորայքով։ Եկեք չմոռանանք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են դրել մեր գոյատևման, մեր վաղվա օրվա, մեր պայքարի, ապրելու ու արարելու համար։ Մի եղեք անտարբեր, հիշեք նրանց նվիրումը մեր և մեր հայրենիքի հանդեպ։

 

Լիլիթ Սիլանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular