Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Վարակվածների մեջ դպրոցահասակ երեխաներ կան. Արսեն Թորոսյան

«Վարակվածների մեջ դպրոցահասակ երեխաներ կան,- տեղեկացնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը,- վարակակիր երեխաներն իրենց լավ են զգում, որևէ ախտանշան չունեն։ Կյանքին վտանգ սպառնացող կամ նույնիսկ միջին ծանրության ընթացք չէ»։

 

Նախարարը ժխտեց լրագրողի այն պնդումը, թե վարակվածների թվում կա երկու ամսական երեխա:

«Երկու ամսական երեխա հաստատ չունենք: Երբ մենք նշում ենք որևէ տարիքային խմբի ավելի քիչ խոցելի լինելու մասին, նկատի ունենք այդ տարիքային խմբի առողջ երեխաներին։ Եթե կա, օրինակ, իմունիտետի բնական կամ ձեռքբերովի դեֆիցիտ, կամ որևէ այլ հիվանդության բուժման ժամանակ մենք իմունոդեֆիցիտ ենք արհեստականորեն առաջացնում որևէ անձի, այդ թվում՝ երեխայի մոտ, նա ավտոմատ դառնում է ռիսկային՝ որևէ ինֆեկցիոն հիվանդության նկատմամբ, այդ թվում՝ կորոնավիրուսի։ Մենք պետք է հավելյալ ջանքեր գործադրենք․ օրինակ, քիմիոթերապիտա ստացող երեխաներին պաշտպանելու համար»։

Անդրադառնալով մարզերում հաստատված դեպքերի քանակներին և դրանց աճին՝ Թորոսյանն ասաց, որ շուտով կլինի Հայաստանի քարտեզ, որում նշված կլինեն այն բնակավայրերը, որտեղ արձանագրվել են դեպքեր։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են Երևանում, Արմավիրի, Կոտայքի, Արարատի մարզերում: Մյուս մարզերում վարակման դեպքերը, համեմատաբար, քիչ են:

«Գյումրիում դեպքերը շատ չեն, ձեռքի մատների վրա կարելի է հաշվել։ Նրանք մեկուսացված են, նրանց շփման շրջանակը պարզ է և մեկուսացված։ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում շարունակում են բուժումը նաև այլ բնակավայրերի մեր քաղաքացիներ, որոնց մոտ հաստատվել է հիվանդությունը»:

Թորոսյանը պնդեց, որ Հայաստանը չունի թեստերի պակաս, մինչ այս արվել է 1440 թեստ, որոնցից 290-ը դրական է եղել:

«Կորոնավիրուսով վարակվել են մեկ բուժքույր, մեկ բժիշկ և շտապ օգնության մեկ վարորդ»,- նշեց նախարարն ու նշեց, որ նրանց կյանքին ևս վտանգ չի սպառնում:

 

website by Sargssyan