ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախկիններին մերժելը սոցիալական շիզոֆրենիա է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախկինի դեմ երևակայական պայքարը իռացիոնալ է, ոչ մի տեղ տանող, անպտուղ զբաղմունք։ Օրինակ՝ դիակը հողից հանել-վառելը, մարտից հետո բռունցքներ թափահարելը, հեռացողի հետևից հիշոցը և այլն։ Այսպիսի «պայքարը» բնորոշ է սնոտիապաշտ, փոքրոգի, թույլ մարդկանց։ Առարկայի-երևույթի բնութագրիչներից մեկը ժամանակայինն է՝ նոր, թարմ, հին, նախկին, ժամկետանց, նորաձև և այլն։ Քաղաքական գործիչներին և քաղաքական գործընթացները ժամանակային հատկանիշով բնութագրելով բավարարվում են նրանք, որոնք քաղաքական գիտելիքի կամ տեղեկատվության պակաս ունեն։ Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո հեղափոխական խոսափողները քաղաքական գործիչներին բաժանում են նախկինների և ներկաների։ Հեղափոխության կողմնակիցներից զատ, մնացած բոլորը դասվում են նախկինների շարքին։ Նրանց վերաբերյալ քննադատությունը շրջանցում է քաղաքական իրականությունը, գաղափարները, ազգային շահը, շեշտը դնելով ժամանակային բնութագրի վրա՝ նախկինն են, և վերջ։ Քաղաքական նախաձեռնությունների առաջին տողում նույնպես ժամանակային բնութագիրն է։ Օրինակ՝ ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական հանրաքվեի «Այո»-ն, այսպես կոչված՝ նախկիններին մերժելու ցույց է, առանց քաղաքական հետաքրքրության, առանց վաղվա օրակարգի, քաղաքակրթական երազանքի։ Այս մոտեցումն ամայացնում է քաղաքական համակարգը և, ինքնին, արժեզրկում հանրաքվեն։ Ինչու՞ են հանաքվեի քարոզարշավի հիմնական մեխը դարձնում նախկիններին մերժելը։ Սուբյեկտիվ պատճառն այն է, որ ընտրապայքարի կողմերից մեկը փաստացի չկա։ «Այո»-ն ռեալ մրցակից չունի։ Իսկ առանց մրցակցության ընտրությունը չի համապատասխանում ժողովրդավարության փիլիսոփայությանը։ Այդ պատճառով հորինվել է գոյություն չունեցող ընդհանրական ուժ՝ այսպես կոչված՝ նախկիններ, նրանց վերագրվել են հեղափոխության դեմ նյութվող ենթադրյալ-դավադիր ծրագրեր, որոնք չեզոքացնելու համար հռչակվել է պայքար։ Այսպես ընտրարշավին հաղորդվել է երևակայական մրցակցային տրամադրություն։ Օբյեկտիվ պատճառն այն է, որ հեղափոխությունը գաղափարախոսություն չունի։ Ուստի օրինաչափ է, որ իշխանություններն ավելորդ ջանասիրությամբ են իրականացնում նախկինների քաղաքական օրակարգը։ Իսկ նախկիններին մերժում են նոմինալ ինքնահաստատման մակարդակում, ինչպես որդին է մերժում հորը, բայց ջանասիրաբար շարունակում նրա գործը։ Այսպիսով՝ նախկիններին մերժելը արտահայտվում է որպես սոցիալական շիզոֆրենիա։ Եթե հասարակությունն իսկապես հիվանդանա, պերմանենտ մերժի նախընթաց ձեռքբերումը, բայց մնա նույն գծի վրա, ապա ամեն իշխանափոխությունից հետո սկսելու է պայմանական զրոյից, հուզաբար փշրելով ժառանգականությունը, որը պետության գոյության պայմանն է։

 

Թաթուլ Մկրտչյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular