ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեխաներին կրթելը ամենակարևոր գործերից մեկն է. «Դանիելյան» ստուդիան պլանավորում է մասնաճյուղեր ունենալ և՛ Երևանում, և՛ մարզերում

ՄՇԱԿՈՒՅԹ

Շաբաթ օրը Հայաստանի նկարիչների միությունում հաճելի իրարանցում էր: Ծնողների, տատիկ-պապիկների ձեռքը բռնած՝ ցուցասրահներից մեկն էին շտապում երեխաները: 

Նրանք «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաներն էին, իսկ սրահում ներկայացված էին իրենց լավագույն աշխատանքները: 

Ի դեպ, իրենց աշխատանքները տեսնելու և ցուցահանդեսին մասնակցելու էին շտապում ոչ միայն երեխաները, այլ նաև մեծահասակների խմբերում ընդգրկվածները: 

Կենտրոնի սաները շտապում էին լուսանկարվել արվեստի կենտրոնի հիմնադիր, նկարիչ Արամ Դանիելյանի, իրենց ուսուցիչների հետ, ինչպես նաև ընտանիքի անդամներին ոգևորությամբ ցույց էին տալիս իրենց աշխատանքները և պատմում դրանց ստեղծման մասին: 

Ի դեպ, երեխաներից առավել ոգևորված էին ծնողները, չէ՞ որ նրանք տեսնում էին երեխաների աշխատանքի արդյունքը:

Արդեն հինգերորդ տարին է, ինչ արվեստի կենտրոնն ամեն տարեվերջի կազմակերպում է հաշվետու ցուցահանդես: Ինչպես անցած տարի, այս անգամ ևս երեխաներին հյուրընկալել էր նկարիչների միությունը, իսկ ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ միության նախագահ Սուրեն Սաֆարյանը: 

 

Նա նշեց, որ իր՝ Հայաստանի նկարիչների միության նախագահ դառնալուց հետո արդեն երկրորդ անգամ է, ինչ այստեղ կազմակերպվում է «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաների աշխատանքների ցուցադրությունը:

«Ուրախ ենք, որ հավաքվել ենք այստեղ նշելու «Դանիելյան» արվեստի կենտրոնի հինգերորդ տարեդարձը: Այս ցուցահանդեսը նաև այդ հինգ տարիների աշխատանքի արդյունքն է: Անցյալ տարի, երբ նոր էի ընտրվել միության նախագահ, առաջին ցուցահանդեսը, որ պատիվ ունեցա բացելու, արվեստի կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսն էր: 

Այս տարի կրկին հյուրընկալեցինք ձեզ: Արամ Դանիել յանը շատ մեծ և լուրջ աշխատանք է կատարում, քանի որ երեխաներին կրթելը ամենակարևոր գործերից մեկն է, և այս կենտրոնը դա կարողանում է անել ամենաբարձր մակարդակով»,-ասաց Սուրեն Սաֆարյանը: 

Այնուհետև, շնորհավորելով Արամ Դանիելյանին կենտրոնի գործունեության հնգամյակի կապակցությամբ, մաղթեց՝ թող սաների թիվը գնալով շատանա, կենտրոնը նոր մասնաճյուղեր ունենա, իսկ միությունն էլ իր հերթին ամեն տարի պատրաստ է հյուրընկալել երեխաներին: 

Այնուհետև հյուրերին, ծնողներին և երեխաներին ողջունեց կենտրոնի հիմնադիրը: Նա ուրախությամբ նշում է՝ կենտրոնն այս տարի դարձավ հինգ տարեկան: «Այս տարի կարողացանք նաև ընդլայնել այն: 

Շնորհակալ եմ բոլորիդ մեր ստուդիայի կողքին լինելու համար»,-ասաց Արամ Դանիելյանը՝ հարթակ հրավիրելով և հյուրերին ներկայացնելով կենտրոնի ուսուցիչներին և մենեջերական կազմին: 

«Փաստի» հետ զրույցում Արամ Դանիել յանն ասում է՝ կենտրոնի ստեղծման օրվանից ի վեր ամեն տարվա վերջին ամփոփիչ և հաշվետու ցուցահանդես են կազմակերպում: 

Իհարկե, սրահների չափերից ելնելով, չենք կարողանում երեխաների բոլոր աշխատանքները ցուցադրել, բայց ամեն ինչ անում ենք, որ ցուցադրվի ամեն երեխայի գոնե մեկ՝ տարվա ընթացքում կատարած լավագույն աշխատանքը»,-ասում է Դանիելյանը:

Հետաքրքրվում ենք՝ արդյոք չկա՞ մտադրություն արվեստի կենտրոնի գործունեությունն ընդլայնել Հայաստանի ողջ տարածքով: «Մենք այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ ենք տանում, ուսումնասիրում ենք տարբեր հնարավորություններ: Պլանավորում ենք և՛ Երևանում, և՛ մարզերում ունենալ մասնաճյուղեր: 

Դա իրականություն դարձնելուց հետո ցանկանում ենք մասնաճյուղ ունենալ նաև Հայաստանից դուրս՝ այն երկրում կամ քաղաքում, որն առավել հայաշատ է: 

Այս պահին մտածում ենք Լոս Անջելեսի ուղղությամբ: Այդպիսով՝ ԱՄՆ-ի և Հայաստանի նկարող և արվեստասեր երեխաների միջև յուրօրինակ կապ կստեղծենք, ցուցահանդեսների շնորհիվ նոր ծանոթություններ և հետաքրքիր մտահղացումներ կյանքի կկոչենք»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular