ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարինա Կառոնի. Պակասել է հացն աշխարհի... (Շաբաթօրյա ընթերցումներ «Փաստ» օրաթերթից)

ՄՇԱԿՈՒՅԹ

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՇԱԲԱԹՕՐՅԱ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՇԱՐՔԸ՝ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՄԵՕՐՅԱ ԳՐՈՂՆԵՐԻ: ԱՅՍ ԳՈՐԾՈՒՄ ՄԵԶ ՄԵԾԱՊԵՍ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆԸ, ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ:

 

ՄԱՐԻԱ ԿԱՌՈՆԻ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԸՆՏՐԱՆԻ

ՊԱԿԱՍԵԼ Է ՀԱՑՆ ԱՇԽԱՐՀԻ

Թանկ են վաճառվում ժպիտներն այսօր, 

Խիստ է պակասել հացը աշխարհի, 

Չկան լիուլի ամբարներ վաղուց.

 Լուռ լացն է տիրել Հայոց Աշխարհին։ 

Հայի կորովը որտե՞ղ կորցրինք 

 
Եվ որբ թողեցինք հողը հայրենի, 

Օտար ափերում փշրանք դիզեցինք. 

Քաղցից խեղճացած որդիքն ենք դարի... 

Եվ, իրավ, խեղճ է հայորդին այսօր. 

Սուրբ հողը թողած մի թափառական, 

Ով նախընտրել է ապրել փշրանքով 

 

Եվ մնալ հավե՛տ, հավետ գաղթական... 

Մարե, հորդորի՛ր, թող որդիդ տուն գա.

 Ավեր չդառնա մեր հողը բերրի, 

Թող երբե՛ք, երբե՛ք թշնամին չզգա, 

Որ պակասել է հացը հայրենի։

 

ԲԱՌԱՐԱՆԱՅԻՆ ԲԱՌԵՐԻՑ ՀՈԳՆԱԾ…

 

Բառարանային բառերից հոգնած` 

Ես պարզ խոսքերով իմ երգն եմ երգում, 

Եվ չեմ վհատվում, երբ մեղադրում եք, 

Թե շա՜տ պարզորոշ մտքեր եմ երկնում: 

Անկարող եմ ես խրթին բառերով 

Ձեզ հաղորդ դարձնել պարզ մի կսկիծի, 

 

Որ բարդ բառերով սրտին չի դիպչում... 

Ինչպե՞ս կարող եմ ես արգելք դառնալ 

Ժիր մանուկներին կամ խեղճ ռամիկին` 

Կարդալու տողերն իմ աղջկական, 

Որ ժողովրդիս ծոցից են ելնում...

 Որքան կարող եք դուք միմյանց գովե՛ք` 

 

Դարերի հանճար ձեզ հայտարարե՛ք, 

Բայց մի՛ մոռացեք` մարդկային հոգուն 

Մոտ են առավել 

Պարզ ապրումների հույզերը մաքուր...

 

ԱՅԼԱԿԵՐՊՈՒՄ

 

Քո իսկ բնույթով դավաճան ես դու. 

Ատում եմ, Ադա՛մ, էությունը քո... 

Թող Տերը գթա գոյությունդ խեղճ 

Եվ մի խորամիտ կին ընծայի քեզ, 

Որ արմատախիլ անի քո միջից

Հուդայի սերմը անհավատարիմ, 

 

Թո՛ղ, որ դու այրվես արևի ներքո. 

Օրնիբուն ձգվող մաքառումներով, 

Ստեղծես բարիք` չարքաշ տանջանքով, 

Որ մի օր դու էլ հասկանաս, գուցե, 

Թե ի՞նչ պատիժ է լինել մարմնով կին, 

Բայց հոգով հավետ նվիրյալ կույս մի։

 

ԵՐԵՎԻ ՊԻՏԻ ՏՂԱՄԱՐԴ ԾՆՎԵԻ...

Երևի պիտի տղամարդ ծնվեի, 

Որ կարողանայի այս կեղծ աշխարհում 

Ես հանգիստ խղճով սերս գովերգել: 

Թե չէ, ասում եք, որ ճիշտ չէ բնավ, 

Որ կինն իր սրտի սերը գովերգի: 

 

Եվ մոռանում եք, որ կյանքը սե՛ր է, 

Որ առանց սիրո կյանքը անդե՛մ է...

 Արդ, եկեք սիրով վարակենք միմյանց, 

Ժպիտի գերին լինենք հետայսու. 

Կյանքը սիրով է հարատև միայն, 

Սե՛րը լույս կտա խավար օրերում... 

 

ՎԵՐԱԴԱՐՁ...

Իմ խենթ հուշերի փոքրիկ արկղիկում 

Վաղուց մոռացված պատկերներ գտա, 

Ու ես մտովի վերադարձա տուն, 

Տուն, որտեղ արդեն շնչավոր չկա... 

Ես այդ արկղիկի փոշոտ անկյունում 

 

Գտա ինձ փոքրիկ, երջանիկ գտա, 

Ա~խ, իմ լուսավոր, 

իմ վառ մանկություն. 

Կարոտել եմ քեզ, այս ձյունը վկա։ 

Ու թափառեցի բյուր քաղաքներում` 

Իմ քաղաքի պես ջերմ քաղաք չկա'. 

 

Վերադառնում եմ ես հայրենի տուն` 

Իմ խենթ հուշերի արկղիկը վկա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular