ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դասախոսին բռնել էին փող պահանջելուց, դատարանում ուսանողները ցուցմունքներից հրաժարվեցին. Գեղամ Գեւորգյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռեկտորը կամ դեկանը ի վիճակի չեն կոռուպցիայի դեմ պայքարելու: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը:

«Շատ են խոսում, որ բուհական համակարգում համատարած կոռուպցիա կա, ոչ ուզում եմ ժխտել, ոչ ուզում եմ հաստատեմ: Ուզում եմ ասել, ըստ իս, ինչ համարժեք 3 դեպքեր կան: Դեպք առաջին՝ փողի կամ այլ նյութական արժեքի դիմաց սա հանցագործություն է: Եւ սրա մասին այստեղ- այնտեղ խոսելու մասին պետք է դիմել համապատասխան մարմիններին: Հավատացեք, որ ռեկտորը, կամ պրոռեկտորը, կամ դեկանը ի վիճակի չեն այդ երեւույթի դեմ պայքարել: Ինչո՞ւ, որովհետեւ երբ գործը հասնում է փաստական հանգամանքներին, նույնիսկ նա, ով ասում է` ես փող եմ տվել, հրաժարվում է: Ունենք ցցուն դեպք համալսարանում, դասախոսին բռնել էին փող պահանջելուց, կար ձայնագրություն, ուսանողներն էին արել։ Պարոն Սիմոնյանը լուրի ձայնագրության հիման վրա աշխատակցին հեռացրեց: Դատարանում ուսանողները հրաժարվեցին իրենց ցուցմունքներից եւ աշխատակիցը շահեց դատը»,- ասաց նա` նշելով, որ ռեկտորն անզոր է այդ դեպքում:

Երկրորդ դեպքը, ըստ Գեւորգյանի, ծանոթ- բարեկամի խնդրանքն է, ինչի դեմ իրենք անզոր են:

Երրորդ դեպքն էլ, ըստ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի, «բարի դասախոսներ» երեւույթն է, ինչը գնալով ավելի շատ տարածում է ստանում:

«Նրանք ուղղակի նշանակում են քննություն, ստուգարք՝ լավ, բարձր թվանշաններով: Եվ 3 դեպքում էլ ունենք շրջանավարտ, որի դիպլոմի գնահատականը չի համապատասխանում իր գիտելիքներին: Արդյունքում ունենք բուհի ընկած վարկանիշ, դրա համար մեր դրած թվանշանները պետք է լինեն հավաստի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ուսանողները օրեր առաջ բողոքի ակցիա էին անցկացրել Գեղամ Գեւորգյանի աշխատասենյակի մոտ՝ պահանջելով իրենց հետ հանդիպում: Ուսանողները ռեկտորից դրական պատասխան ստանալուց հետո դադարեցրել էին բողոքի ակցիան եւ դրան նախորդող օրը վերսկսած դասադուլը:

Հիշեցնենք, որ  ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները նոյեմբերի 6-ից 20-ը դասադուլ էին անցկացնում` իրենց անհամաձայնությունը հայտնելով նոր օրենքի նախագծի այն դրույթի հետ, որով առաջարկվում է «հայոց լեզու», «հայ գրականություն» եւ «հայոց պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել կամընտրական: Նրանց բողոքին միացել էին նաեւ ուսանողներ Պատմության ֆակուլտետից, ինչպես նաեւ դասախոսներ «Հայոց լեզվի», «Պատմության» ամբիոններից, որոնք, ի աջակցություն ուսանողների, մեկօրյա խորհրդանշական գործադուլ էին հայտարարել: Դասախոսները դրանից հետո հանդիպել էին նախարար Արայիկ Հարությունյանի հետ, հայտնել իրենց բողոքները: Հանդիպման արդյունքների վերաբերյալ նրանք տարակարծիք են: Որոշ մասը կարծում է` այն արդյունավետ էր, որոշներն էլ պնդում են, որ այն ձևական, ոչ կառուցողական էր: Ուսանողներին հանդիպումը վրդովեցրել է, նրանց որակմամբ` նախարարը անհարգալից է խոսել դասախոսների հետ, հեգնել նրանց:

Վիճահարույց օրինագիծն առայժմ աշխատանքային նախագծի տեսքով քննարկումների փուլում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular