ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նշանավորվեց Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 148-րդ տարեդարձը

ՄՇԱԿՈՒՅԹ

Առաջին հայ դասականներից մեկի` Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 148-րդ տարեդարձը նշանավորվեց երկու միջոցառում-արարողությամբ: Նրա ծննդյան օրվանից մեկ օր առաջ` հոկտեմբերի 31-ին կոմպոզիտորի տուն-թանգարան այցելեցին Սպենդիարյանի անունը կրող երաժշտական դպրոցի 1-ին դասարանցիները, որոնք կոմպոզիտորի հուշասենյակում տվեցին «սպենդիարյանական երդում»` խոստանալով լավ սովորել, դառնալ լավ երաժիշտներ և բարձր պահել սպենդիարյանցու պատիվը: Դպրոցի լավագույն դաշնակահար ճանաչված երկու աշակերտի` Ալվինա Գասպարյանին և Էլինա Բաբայանին հնարավորություն ընձեռնվեց նվագել կոմպոզիտորի դաշնամուրը, լավագույն ջութակահարին էլ` Մանե Հովհաննիսյանին, նրա ջութակը: Միջոցառման հյուրերին ողջունեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և նշեց, որ 23 տարվա պատմություն ունեցող այս արարողությունը հաջողություն է բերում պատանի երաժիշտներին. մերօրյա մի շարք ճանաչված կատարողներ տարիներ առաջ իրենց պես հյուրընկալվել են սպենդիարյանական օջախում և նվագել նրա գործիքը:

Նոյեմբերի 1-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից պուրակում կոմպոզիտորի շիրիմին ծաղիկներ խոնարհեցին երաժշտական և հանրակրթական դպրոցների սաներ, ուսանողներ, պրոֆեսորներ, ինչպես նաև անվանի արտիստներ և արվեստի գործիչներ: Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի քանոնահարները (դասատու` պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյան) կատարեցին կոմպոզիտորի «Երևանյան էտյուդներ» սյուիտից «Հիջասը»: Բացի այդ, Սպենդիարյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ մեկնարկեց սկսնակ լրագրողների համար նախատեսված ֆլեշ մոբ: Հենց օպերային թատրոնի տարածքում Ավանի Մշակույթի տանը գործող «Ռադիո մշակույթ»-ի պատանի լրագրողներն իրենց  ղեկավարի` Սոնա Նաջարյանի հետ նախապես իրենց տրամադրված հարցաթերթիկներով Սպենդիարյանին առնչվող հարցումներ անցկացրին անցորդների հետ: Առաջիկա օրերին կկայանա հարցումների արդյունքում պատրաստված փոքրիկ ռեպորտաժների դիտում-քննարկում, և դրանցից լավագույնը կարժանանա մրցանակի թանգարանի կողմից:              

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular