Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հա­յաս­տա­նի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գը մխրճվել է ան­ցու­մա­յին փու­լի ճահիճը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանափոխությունից հետո Հայաստանի կառավարման համակարգը յուրահատուկ շրջափուլ է թևակոխել, որի արդյունքում մեր երկրի կառավարումը գնալով կորցնում է իր արդյունավետության մակարդակը և դառնում է անկանխատեսելի:

Երբ 2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցան խորհրդարանական ընտրությունները, թվում էր, թե անցումային շրջանը շուտով կավարտվի, և Փաշինյանը, ստանալով ընտրողների մեծամասնության վստահության քվեն, հնարավորություն կստանա ձևավորել կուռ կառավարություն և ձեռնամուխ լինել երկրի զարգացման գործին, սակայն իրադարձություններն այլ ընթացք ստացան: 

Կառավարության և խորհրդարանի ձևավորումը հնարավորություն չտվեց Հայաստանին դուրս գալ անցումային փուլից: Եվ մենք այսօր ականատես ենք լինում, թե երկրի կառավարման համակարգն ինչպես է կորցնում իր դիմագիծը, որը պայմանավորված է մի քանի պատճառներով:

 

Համակարգում ի հայտ եկած առաջին խնդիրը վերաբերում է իշխանության վարած կադրային քաղաքականությանը, որը հիմնականում հիմնված է ոչ այնքան մասնագետների պրոֆեսիոնալիզմը գնահատելու, որքան, այսպես կոչված, հեղափոխությանը ցուցաբերած աջակցության վրա:

Դա է պատճառը, որ ընտրողների մեծամասնությունը ձայն է տվել «Իմ քայլը» դաշինքին, սակայն այդ դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված մարդկանց մեծ մասը հանրությանն անհայտ դեմքեր են: 

Բացի այդ, խորհրդարանը չի փայլում իր ինտելեկտուալ ունակություններով, հանրությանը հուզող խնդիրները խորհրդարանում չեն դառնում բանավեճերի առարկա, վեր չեն հանվում պրոբլեմների լուծման ուղիները, այլ քաղաքական բանավեճն ընթանում է խորհրդարանից դուրս: 

 

Եվ քանի որ պատգամավորներին չի միավորում գաղափարական մոտեցումը և երկրի զարգացման շուրջ ընդհանուր տեսլականը, ապա զարմանալի չէ, որ խորհրդարանական մեծամասնության ներսում տարաձայնությունները հաճախ սուր դրսևորումներ են ստանում:

Եվ այս առումով խորհրդարանում տիրող իրավիճակը անկանխատեսելի է, քանի որ անսպասելի զարգացումներ կարող են տեղի ունենալ, և հանրությունը անակնկալ կարող է տեղեկանալ, որ իշխող խմբակցության այս կամ այն պատգամավորը ցած է դրել իր մանդատը, ինչպես եղավ պատգամավոր Էդգար Առաքելյանի դեպքում: 

Պատահական չէ, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ խորացող հակասությունների պայմաններում «Իմ քայլը» խմբակցության այլ պատգամավորներ ևս վայր են դնելու իրենց մանդատները:

 

Երկրի կառավարման համակարգում ստեղծված անկայուն իրավիճակի մյուս պատճառը երկրի զարգացման ուղղության վերաբերյալ վարչապետի տեսլականի բացակայությունն է: Փաշինյանը առաջնորդվում է օրվա խնդիրներով ու ֆեյսբուքյան լայվերով և չունի հստակ ծրագիր կամ ճանապարհային քարտեզ, թե հաջորդ մեկերկու տարիներին ինչպես է տեսնում մեր երկրի ապագան: 

Թերևս սա է պատճառը, որ վերջինս Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքի ժամանակ խոսեց իր նպատակադրումների մասին, որոնք վերաբերում են 2050 թվականին: 

Պարզ է, որ այդքան մեծ ժամանակային կտրվածքով կանխատեսում անելը ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, թեպետ հասկանալի է նման ծրագիր ներկայացնելու մոտիվը. 2050 թվականին ոչ ոք չի կարող պատասխան պահանջել Փաշինյանից:

 

 Ուստի կարճաժամկետ ու միջնաժամկետ ծրագրեր չեն ներկայացվում, քանզի իրատեսական ժամանակահատված անց Փաշինյանը պիտի պատասխան տա ամեն մի չկատարած խոստման ու ծրագրի համար:

Այսպիսով վարչապետը փորձում է խուսափել առաջիկա տարիների համար կոնկրետ արդյունքների մասով պատասխանատվություն վերցնել իր ուսերին, իսկ կառավարությունը շարժվում է այն ուղղությամբ, որտեղ կտանի իրադարձությունների զարգացման հոսանքը: 

Եվ քանի որ կառավարությունը ցանկանում է լուծել միայն այսրոպեական խնդիրները և ամեն գնով պահպանել իր վարկանիշը, ապա դրա արդյունքում կառավարության որդեգրած քաղաքականությունը դառնում է անկանխատեսելի, իրարամերժ և հախուռն:

 

Թերևս գործադիրի կողմից հստակ ուղեգիծ չունենալու և տուրբուլենտ քաղաքականության պատճառով է, որ կառավարման համակարգի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ հրաժարականներ են տալիս՝ չցանկանալով աշխատել, և այս անկյունից պետք է դիտարկել ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի, կադաստրի կոմիտեի ղեկավարների հրաժարականները:

Իսկ պետության համար կարևոր նշանակություն ունեցող ստորաբաժանումների ղեկավարների հրաժարականների շարքը թուլացնում է կառավարման համակարգի ճկունությունը, քանի որ յուրաքանչյուր նոր ղեկավարի համար անհրաժեշտ է որոշակի ադապտացիոն փուլ, որպեսզի համակարգի ատամնանիվները սկսեն արդյունավետորեն գործել: 

Այնպես որ, Հայաստանը մխրճվել է անցումային փուլի ճահճում և դեռևս նշույլներ չկան այս վիճակից դուրս գալու հույսերի առումով:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
website by Sargssyan