ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրազիլիայի իշխանությունները ճգնաժամային շտաբ են ստեղծել Ամազոնիայի մոլեգին հրդեհների կապակցությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն կարգադրել Է ճգնաժամային շտաբ ստեղծել բրազիլական Ամազոնիայում մոլեգնող հրդեհների կապակցությամբ: Համապատասխան որոշումը, ինչպես հայտնել Է Record TV հեռուստաալիքը, ընդունվել Է պետության ղեկավարի մոտ օգոստոսի 22-ի երեկոյան կայացած արտակարգ խորհրդակցության ընթացքում:

Պաշտպանության, պետանվտանգության, արտաքին գործերի, շրջակա միջավայրի նախարարների, ինչպես նաեւ իր վարչակազմի անդամների հետ կայացած հանդիպման արդյունքներով Բոլսոնարուն հանձնարարել Է բոլոր նախարարություններին՝ իրենց իրավասությունների շրջանակում առաջարկություններ ներկայացնել «ազգային հարստության» հետ կապված ճգնաժամային իրադրության կարգավորման վերաբերյալ: Ինչպես սպասվում Է, ճգնաժամային շտաբի մոտակա նիստը՝ ընդլայնված կազմով, կկայանա օգոստոսի 23-ին:

Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտի (Inpe) վերջին տվյաների համաձայն՝ հունվար ամսից մինչև օգոստոս հրդեհները ոչնչացրել են Ամազոնիայի ավելի քան 1,8 մլն հեկտար անտառներ, որոնք գտնվում են հարավամերիկյան խոշորագույն երկրի տարածքում: Ընդ որում, Ամազոնիան հրդեհներից առավել մեծ կորուստներ Է կրել մարտին, երբ այրվեց նրա կես միլիոնից ավելի հեկտար տարածք: Արբանյակների կողմից գրանցված բռնկման օջախների ընդհանուր թիվը երկրում անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ավելացել Է 85 տոկոսով՝ օգոստոսի 22-ի դրությամբ գերազանցելով 76 հազար դեպքը: Հրդեհների տարածման ֆոնին բրազիլական հասարակության մեջ կտրուկ սրվել Է քննադատությունը նախագահի և կառավարության հասցեին այն բանի համար, որ նրանք բավարար ուշադրություն չեն դարձնում շրջակա միջավայրի պահպանությանը: Այդ կապակցությամբ Բոլսոնարուն օգոստոսի 22-ին հայտարարել Է, որ պետությունը բավականաչափ ռեսուրսներ չունի Ամազոնի անտառներում շուրջ երեք շաբաթ շարունակվող հրդեհները մարելու համար:

Հրդեհների դեմ պայքարում Բրազիլիային իրենց օգնությունն են առաջարկել Արգենտինան, Վենեսուելան, Կոլումբիան, Չիլին եւ Էկվադորը: Հրդեհների կապակցությամբ մտահոգություն Է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ «այդ արտակարգ իրադրությունն» անհրաժեշտ Է քննարկել Բիարիցում Յոթի խմբի (G7) գագաթնաժողովում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular