Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Նոր «խաղացող» նախընտրական Արցախում. ինչո՞ւ Մայիլյանը մտավ խաղի մեջ

 

Արցախի խորհրդարանական ու նախագահական ընտրություններին դեռ մի տարի կա, սակայն տեղացի քաղաքական գործիչների արտասովոր ակտիվությունն արդեն այսօր նկատելի է։ Բարձրագույն իշխանության այդքան հավակնորդ թերևս դեռ չէր եղել։ Երեկ էլ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարեց առաջիկայում կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու հավանականության մասին։ Այս հայտարարությունը արվում է Ստեփանակերտում վարչապետի հայտնի ելույթից և Բաբայան-Հարությունյան ուշագրավ հանդիպումից հետո, ինչը բնավ էլ պատահական չէ: Արդյո՞ք Մայիլյանի թեկնածությունը ստացել է Երևանի դաբրոն, և ի թիվ Արցախի ԱԳՆ ղեկավարի՝ Երևանը փորձում է իր թեկնածուին մտցնել նախընտրական մրցավազքի մեջ:

 

Եթե այո, ապա ինչո՞ւ. Երևանը մտահոգվա՞ծ է, որ Բաբայանը և Հարությունյանը կարող են որոշակի գործարքների գնալ, թե՞ վստահ չէ, որ այս զույգից որևէ մեկը կարող է հակազդել Երևանի համար թերևս ամենաքիչ ընդունելի թեկնածուին՝ Վիտալի Բալասանյանին: Բաբայանի վերջին մեկ տարվա մոբիլիզացիան կառուցվել է ընդդեմ Հարությունյանի, քանի որ հասարակության մի հատվածն իր դժբախտությունների հիմնական մեղավորը համարում է Հարությունյանին՝ հողերի սեփականաշնորհելուց, մեծ ծավալի արտեր, հէկ-եր ունենալուց, և ընդհանրապես նրա բիզնես գործունեությունից, ինչպես նաև՝ ոչ արդարացի տնտեսական որոշումներ, և այլն։ Ստացվում է, որ Բաբայանը սկսել է հանդիպել և համագործակցության եզրեր գտնել մի մարդու հետ, ում դեմ հակաքարոզով ինքը մոբիլիզացիա է իրականացրել և փորձել քաղաքական ասպարեզ մտնել։ Փաստ է, որ նրանք ինչ-ինչ համագործակցության եզրեր են փնտրում, և գուցե հենց այս փաստից էլ մտահոգվում է պաշտոնական Երևանը:

Մայիլյանը 2017-ի ընտրություններում Բակո Սահակյանի հակառակորդն էր, ասել է թե որոշակիորեն դուրս է նախորդ համակարգի գծագրած պլաններից: Այսօր սակայն Մայիլյանը կարող է ստանալ Բակո Սահակյանի աջակցությունը, դրանով իսկ նվազ ռիսկային դարձնել հետընտրական զարգացումները: Չնայած, որ Փաշինյանի ելույթից հետո այդ ռիսկերը այսպես թե այնպես մինիմալի են հասցված, մասնավորապես Սամվել Բաբայանը ակնհայտորեն ցույց է տալիս, որ Փաշինյանի մեսիջները տեղ են հասել: Նիկոլ Փաշինյանի շրջապատում, ըստ ամենյանի, մերժվել է ուղղակի միջամտության սցենարը ու դիտարկվել է քաղաքական մրցակցությունը խթանելու մարտավարությունը։ Հենց այդ համատեքստում էլ ծնվեց Մասիս Մայիլյանի հայտը:

website by Sargssyan