ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գանձասար» ընկերության երշիկը չի համապատասխանում մակնշմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Orer.am-ը պատահական ընտրությամբ տարբեր ըկերությունների կողմից արտադարծ եփած երշիկներ ներկայացրել է լաբորատոր փորձաքննության, պարզելու համար, թե փաթեթավորման և թաղանթի վրա նշված սպիտակուցի, յուղայնության, ածխաջրերի և էներգետիկ արժեքի ցուցանիշները արդյո՞ք համապատասխանում են իրականությանը, թե՞ ոչ:

Հաջորդ նմուշը, որն ընտրել էինք, «Գանձասար» ընկերության կողմից արտադրած սիրողական տեսակի եփած երշիկն էր: Նշենք նաև, որ ընտրված փորձանմուշները լաբորատոր փորձաքննության են ենթարկվել «Ստանդարտ Դիալոգ» ընկերության լաբորատորիայում: Միանգամից տեղեկացնենք նաև, որ այստեղ ևս ամեն ինչ չէ, որ համապատասխանում է իրականությանը:

Այսինքն, եթե սպառողը գնում կատարելիս առաջնորդվի թաղանքի վրա նշված ցուցանիշներով, ապա կրկին կարող է անակնկալի գալ, քանի որ այստեղ ևս հայտնաբերվել են էական շեղումներ:

Հիմա՝ ըստ էության: Իրականացված փորձաքննության արդյունքներով պարզ է դարձել, որ թեև թաղանքի վրա նշված է, որ «Գանձասար»-ի սիրողական տեսակի եփած երշիկի 100 գրամի մեջ սպիտակուցների քանակությունը 13 գրամ է, յուղայնությունը 28 գրամ է, ածխաջրերը կազմում են 1,5 գրամ, իսկ երշիկի էներգետիկ արժեքը 310 կիլոկալորիա է: 

Փորձաքննության արդյուքներով, սակայն, սպիտակուցի ու յուղայնության ցուցանիշները մոտ են նշվածին: Այստեղ կարելի է ասել, որ թեև նշված և ստացված թվերը կրկին չեն համապատասխանում իրար, սակայն տարբերությունը շատ չէ: Դրանք համապատասխանաբար կազմում են 13,63 և 28,5 գրամ:

Ինչ վերաբերում է ածխաջրերի պարունակությանը, ապա այն թաղանթի վրա նշված՝ 1,5 գրամ ցուցանիշից մոտ երեք անգամ ավել է և կազմում է 5,14 գրամ: Էական է շեղումը նաև երշիկի փաթեթավորման վրա նշված և փորձաքննության արդյունքներով ստացված էներգետիկ արժեքների տարբերությունը:

Այսինքն՝ եթե փաթեթավորման վրա նշված է, որ 100 գրամի էներգետիկ արժեքը կազմում է 310 կիլոկալորիա, ապա լաբորատոր ուսումնասիրության արդյունքների համաձայն այն կազմել է 331, 58, ինչը համարվում է էական շեղում:

 

Հավելենք նաև, որ փորձաքննության ենթարկված նմուշի 100 գրամի մեջ աղի պարունակությունը կազմել է 2,49 գրամ, խոնավությունը՝ 67,03 %:

Ամփոփելով արդյունքները, կարող ենք արձանագրել, որ այստեղ ևս կան էական շեղումներ և եփած երշիկի փաթեթավորման մակնշումը կրկին չի համապատասխանում իրականությանը:

Հետևությունները թողնում ենք սպառողներին, սակայն կարևոր է հիշել, որ եթե սպառողը պահանջատեր չլինի, ապա շուկայում վաճառվող մսամթերքի որակը դժվար կլինի մոտեցնել ԵԱՏՄ և այլ միջազգային ստանդարտներին և մսամթերքի որակի հանդեպ անտարբեր վերաբերմունքի արդյունքում դեռ երկար ժամանակ ստիպված կլինենք սպառել մեզ համար անհայտ ցուցանիշներ ունեցող մսամթերք, ինչը կարող է վնասակար ազդեցություն ունենալ տարբեր տարիքային խմբերի սպառողների առողջության վրա:

 

Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular