Շահումյանում և Քաշաթաղում կկառուցվի 27 բնակարան և դպրոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 7-ին ընդունել է «Արցախ ռութս ինվեսթմենթ – ԱՐԻ» («Artsakh Roots Investment – ARI»)» ընկերության վարչական խորհրդի անդամներ Ստեփան Տեր-Պետրոսյանին ու Վաչե Մելքոնյանին:
Ինչպես տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում («Արիավան» թաղամաս») տասներկու և Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ քաղաքում («Սիդնեյ» թաղամաս» ) տասնհինգ տներ կառուցելու ծրագրին առնչվող հարցեր։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված բնակարանները պատրաստ կլինեն շահագործման մինչև տարեվերջ:
Այնուհետև Գրիգորի Մարտիրոսյանն Արցախի կառավարության անունից «Արի» ընկերության հետ ստորագրել է համաձայնագիր՝ ազդարարելով Աղավնո համայնքում դպրոցական շենքի շինարարության մեկնարկը: Պետական նախարարը բարձր է գնահատել ընկերության աջակցությունը Արցախում վերաբնակեցման գործընթացին՝ ընդգծելով Սփյուռքի հետ փոխշահավետ ծրագրերի հետևողական իրագործումն ու ընդլայնումը: