ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անվանի պրոֆեսորը կենդանի լեգենդ էր. ՀՑԹԻ-ն՝ Վահագն Տատրյանի հիշատակին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի անձնակազմը մեծ ցավով ու ափսոսանքով է ընդունել Հայոց ցեղասպանության ուսումնասիրության հարցում միջազգային հեղինակություն վայելող, պրոֆեսոր Վահագն Տատրյանի (Vahakn Dadrian) մահվան լուրը: Այս մասին տեղեկացանք ՀՑԹԻ-ի կայքից։

«Անվանի պրոֆեսորը երկար տարիների իր նվիրված գիտական գործունեությամբ ու վաստակով գիտնականների մի քանի սերունդների համար դարձել էր կենդանի լեգենդ»,- նշված է հաղորդագրության մեջ: 

ՀՑԹԻ-ի բնորոշմամբ՝ Վահագն Տատրյանն իր կատարած գիտահետազոտական ուսումնասիրությունների շնորհիվ նոր հուն է բացել Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության համար, մեծապես նպաստել ցեղասպանության պատմական իրողության գիտական համապարփակ ներկայացմանը, ինչն իր անգնահատելի ու կարևոր նշանակությունն է ունեցել այդ փաստի միջազգային ճանաչման և դատապարտման գործում:

Վահագն Տատրյանը հսկայածավալ աշխատանք է կատարել Օսմանյան կայսրության պաշտոնական փաստաթղթերում Հայոց ցեղասպանության իրականացման պատմության  ուսումնասիրության ուղղությամբ: «Երկար տարիներ բազմակողմանի ուսումնասիրելով Հայոց ցեղասպանության պատմությունը՝ Վահագն Դադրյանը համոզված էր. «Ցեղասպանությունը միանգամից չի իրագործվում, այն երկարատև նախապատրաստություն է ունենում, և դահիճը սպասում է հարմար պահի»:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրումից ի վեր Վահագն Դադրյանը մասնագիտական ու բարեկամական կապեր է ունեցել հաստատության հետ, մշտապես մասնակցել է ՀՑԹԻ միջոցառումներին՝ գիտաժողովներ, հանրային դասախոսություններ և այլն: 

Հայտնի ցեղասպանագետ, պատմաբան, սոցիոլոգ Վահագն Դադրյանը ծնվել էր 1926թ. մայիսի 26-ին, Կոստանդնուպոլսում: Ավարտել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետները։ 1970-91թթ. սոցիոլոգիա է դասավանդել Նյու Յորքի համալսարանում, միաժամանակ եղել է Հարվարդի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների և Մասսաչուսեթսի Տեխնոլոգիայի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնների ավագ գիտաշխատող: 1990-ական թվականներին եղել է Հ. Գուգենհեյմի ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի տնօրենը, 1991 թվականից Զորյան ինստիտուտի (Տորոնտո և Քեմբրիջ) ցեղասպանության հետազոտությունների ծրագրի գիտական տնօրենը։ Եղել է համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից։ Հիմնական աշխատությունները վերաբերում են Հայոց ցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը:

Բազմաթիվ արժեքավոր մենագրությունների ու հոդվածների հեղինակ է, օրինակ՝ «Հայկական ցեղասպանությունը խորհրդային և պատմագիտական քննարկումներով» (հայերեն, 1995թ.), «Հայոց ցեղասպանության մեջ գերմանական պատասխանատվությունը։ Պատմական ապացույցի ստուգաբանություն» (անգլերեն, 1996թ.), «Ցեղասպանության երաշխիքը։ Թուրք-հայկական հակամարտության գլխավոր բաղադրատարրեր» (անգլերեն, 1998թ.) մենագրությունները։ Միջազգային իրավունքի համատեքստում Հայոց ցեղասպանության վերլուծությանն է նվիրված «Ցեղասպանությունը որպես ազգային և միջազգային իրավունքի հիմնահարց։ Հայկական հարցը Առաջին աշխարհամարտի տարիներին և նրա նկատմամբ ժամանակակից իրավական վերաբերմունքը» (անգլերեն, 1989թ.) գործը։ 

Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում։ 1998 թվականից ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ է: 1995թ. արժանացել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչման, 1998թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2001թ.՝ Հարվարդի համալսարանի «Վերիտաս» ոսկե մեդալի, 2002թ.՝ Ռուսաստանի հայերի միության ոսկե մեդալի, 2003թ.՝ ՀՀ ԳԱԱ ոսկե հուշամեդալի և Իտալիայի «Ճշմարիտները հայերի համար» կոմիտեի Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալի, 2005թ.՝ Ցեղասպանագետ գիտնականների միջազգային ասոցիացիայի մրցանակին և Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալի, իսկ 2009թ.՝ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ունեցած ծանրակշիռ գիտական վաստակի համար ստացել է ՀՀ նախագահի մրցանակ»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular