ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաշտոնական ճաշ՝ Սինգապուրի վարչապետի անունից՝ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից՝ ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի, տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով:
 
Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սինգապուրի վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է.
 
«Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան,
 
տիկին Աննա Հակոյան,
տիկնայք և պարոնայք,
 
 
Ողջունում եմ Ձեզ և ձեր պատվիրակությանը Սինգապուրում: Ուրախ եմ մեր երկիր կատարած Ձեր առաջին պաշտոնական այցի համար:
 
Մեր երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին, սակայն մեր պատմական առնչությունները շատ ավելի հեռուն են գնում: Մոտ 200 տարի առաջ մի խումբ հայ գաղթականներ տեղափոխվեցին Սինգապուր: Նրանք փոքրաթիվ էին՝ ոչ ավել, քան 100 մարդ, բայց նրանց ազդեցությունը մեր երկրի հասարակական կյանքում զգալի էր: Հայկական ներկայության նշաններ կարելի է գտնել ամբողջ Սինգապուրում:
 
Որպես նախկին լրագրող՝ վարչապետ Փաշինյանին, անկասկած, կհետաքրքրի այն փաստը, որ Սինգապուրի գլխավոր օրաթերթը՝ Street Times-ը, հիմնադրվել է 1845 թվականին Խաչիկ Մովսես անունով հայի կողմից: Բազմաթիվ շինություններ այստեղ կրում են Սարգիս եղբայրների անունը, ովքեր հիմնել են Սինգապուրի նշանավոր Raffles հյուրանոցը: Նույնիսկ մեր ազգային ծաղիկն է ստեղծվել հայկական ծագում ունեցող բուսաբույծ Ագնես Ջոակիմի կողմից, իսկ Ջոհակիմ խոլորձի քանդակը, որ վարչապետը երեկ բացեց Սինգապուրի հայկական փողոցում, հանդիսանում է մեր երկու ժողովուրդների միջև խաչաձև կապերի խորհրդանիշը:
 
Մենք հպարտանում ենք այն հայերով, ովքեր շարունակում են իրենց նպաստը բերել մեր երկրի զարգացմանը: Օրինակ՝ անցյալ տարվա հունիսին Սինգապուրի հայկական փողոցում բացվեց երկրորդ հայկական եկեղեցին: Հայ համայնքը պահպանում է իր ինքնությունը, ինչն օտարներին ևս թույլ կտա ծանոթանալ Հայաստանի ու հայերի պատմությանը:
 
Մենք բանակցում ենք Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի (ԱԱՀ) շուրջ: Մենք ձգտում ենք խթանել մեր երկու երկրների միջև գործարար և տնտեսականկապերը: Մենք գնահատում ենք Հայաստանի աջակցությունը ԱԱՀ-ի ստորագրման գործընթացին և հուսով ենք, որ այն հնարավորինս շուտ կկնքվի:
 
Այս այցի ընթացքում պարոն վարչապետը հանդիպելու է Սինգապուրի գործարար շրջանակների հետ, և ես հուսով եմ, որ մեր գործարարները միասին կաշխատեն՝ օգտվելով ստորագրված կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրից:
 
Մենք ամրապնդում ենք կապերը նաև այլ ոլորտներում, ներառյալ զբոսաշրջությունը, մշակույթը և կրթությունը: Մենք կօգտագործենք տարբեր հարթակներ՝ խորացնելու մեր հարաբերությունները: Մենք ողջունում ենք փոխադարձ այցելություններն ու փորձի փոխանակումները, քանի որ մենք նույնպես շատ բան ունենք սովորելու Հայաստանից:
 
Մեծարգո պարոն վարչապետ Փաշինյան, ես ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Սինգապուրում: Շնորհակալություն»:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բաժակաճառում նշել է.
 
«Ձերդ գերազանցություն պարոն վարչապետ,
 
հարգելի ներկաներ, տիկնայք և պարոնայք,
 
Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այս գեղեցիկ երկրում, որն իր փոքր տարածքով, սակայն վիթխարի կարողություններով արժանանում է շատ-շատերի հիացմունքին: Սինգապուրը բացառիկ է իր տնտեսական նվաճումներով, համընդհանուր բարեկեցության, սոցիալական արդարության ու հասարակական առաջընթացի ուրույն մոդելով և իր մշակութային առանձնահատկություններով։
 
Սինգապուրը մեզ՝ հայերիս համար, անշուշտ, նաև այն երկիրն է, որի նկատմամբ մենք առանձնահատուկ զգացմունքներ ենք տածում:
 
Սինգապուրի հետ հայերն ունեն վաղեմի պատմական կապեր: Պատահական չէ, որ Սինգապուրի ամենահին քրիստոնեական տաճարը՝ հայկական եկեղեցին, 184 տարեկան է: Եվ այսօր մենք, ինչ խոսք, հպարտ ենք, որ աշխարհի այս գեղեցիկ անկյուններից մեկում, որով զմայլվում է ողջ աշխարհը, փոքր և ձեռներեց հայ համայնքն իր արժանի հետքն է թողել: Ուրախ ենք, որ Սինգապուրի հայկական նյութական և հոգևոր ժառանգությունն այստեղ հիշում են և պահպանում ամենայն հոգատարությամբ:
 
Մենք, հիրավի, հպարտ ենք անցյալով, սակայն չենք ցանկանում սահմանափակվել դրանով: Ուզում ենք, որ այսօր ևս մեր երկու երկրներն առևտուր անեն միմյանց միջև և մարդկային հարաբերությունները զարգացնեն այնպես, ինչպես դա անում էին 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին:
 
Մեր պատվիրակությունը Սինգապուր է ժամանել նոր էջ բացելու մեր հարաբերություններում: Սինգապուրն աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրներից է, և մենք ցանկանում ենք զարկ տալ մեր երկրների միջև փոխադարձ առևտրի ու ներդրումների աճին: Կարծում եմ, դրա համար այսօր առկա են անհրաժեշտ նախադրյալներ: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է քայլեր, որոնք արմատապես վերափոխել են երկրի տնտեսական միջավայրը: Ամրապնդվել է օրենքի գերակայությունը, ստեղծվել են հավասար պայմաններ տնտեսական բոլոր դերակատարների և, մասնավորապես, արտասահմանյան ներդրումների համար: Շեշտակի նվազել է կոռուպցիան: Այն այլևս չի գնահատվում որպես տնտեսական գործունեության արդյունավետությունը նվազեցնող գործոն: Մենք այլևս չենք տառապում հետխորհրդային երկրներից շատերին բնորոշ ախտանշաններով: Նոր Հայաստանը նոր հնարավորություններ է բացում ներդրումներ անելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:
 
Ասվածին ավելանում է նաև Եվրասիական տնտեսական միության, որին անդամակցում է նաև Հայաստանը, և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին կնքվելիք պայմանագրի գործոնը: Այն լրացուցիչ կարևոր խթան կարող է հանդիսանալ մեր երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման համար:
 
Տիկնայք և պարոնայք,
 
Բավարար է հպանցիկ հայացք նետել մեր երկու երկրների վրա՝ նկատելու համար նրանց միջև գոյություն ունեցող նմանությունները: Երկուսն էլ գտնվում են բարդ կամ անբարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրում: Երկուսն էլ զուրկ են բնական հարուստ ռեսուրսներից և իրենց զարգացման ռազմավարությունը կառուցում են մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործման և զարգացման գործոնի վրա: Կրթությունը, գիտելիքն ու նորարարությունը, աշխատասիրությունն ու համառությունը, համբերա­տարությունն ու լավատեսությունն են համարվում իրենց զարգացման գրավականն ու շարժիչ ուժը մեր երկրներում:
 
Սակայն, ի տարբերություն Սինգապուրի, որն իր զարգացման գործընթացը սկսել է հինգ տասնամյակ առաջ և հաղթահարելով սկզբնական շրջանի դժվարությունների շղթան՝ արդեն իսկ հասել է աննախադեպ բարձունքների, Հայաստանը դեռևս կանգնած է սրընթաց վերելքի անհրաժեշտության շեմին: Այո՛, մենք այսօր ստեղծում ենք պայմաններ անհատի աշխատասիրության, ստեղծագործ մտքի ու ձեռներեցության անխափան դրսևորման համար: Մեր ապագան մենք տեսնում ենք գիտելիքի վրա հենված տնտեսության, նորարարու­թյունների, բարձր տեխնոլոգիաների զարգացման մեջ: Հայաստանը դրան այլընտրանք չունի: Մեր արտաքին միջավայրը մեզ ստիպում է գնալ այդ ճանապարհով:
 
Սինգապուրի տնտեսական հրաշքն իրոք աննախադեպ էր: Ձեր բացառիկ փորձն այս առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար, և մենք երախտա­պարտ կլինեինք ձեր խորհուրդների համար:
 
Այս առումով չեմ կարող չնշել, որ Հայաստանում մեծ ջերմությամբ են հիշում Սինգապուրի զարգացման և առաջընթացի ճարտարապետ Լի Քուան Յուի այցը, որը կայացավ 2009 թվականին: Նա, ում համբավը վաղուց անցել է ազգային սահմանները, Հայաստանում ազնիվ ու արդյունավետ կառավարման խորհրդանիշ է համարվում: Իսկ մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյունները, այսօր դարձել են նաև Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները:
 
Ավարտելով խոսքս, տիկնայք և պարոնայք, ցանկանում եմ բաժակ բարձրացնել՝ ի պատիվ բարեկամ Սինգապուրի և մեր ժողովուրդների բարեկամության: Հանու՛ն ձեր հրաշալի քաղաքի ու տաղանդավոր ժողո­վրդի: Հանու՛ն մեր ապագա համագործակցության»:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular