Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տպավորված ենք Վիետնամի տնտեսական առաջընթացով. Նիկոլ Փաշինյանը՝ Նգույեն Սուան Ֆուքին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
 

Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Նախ տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում երկու երկրների վարչապետներն ու նրանց տիկնայք ողջունել են պատվիրակությունների անդամներին, այնուհետեւ հնչել են Հայաստանի ու Վիետնամի պետական օրհներգերը, տեղի է ունեցել Պատվո պահակախմբի քայլերթը:

Արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո բանակցություններն ընթացել են նեղ, ապա ընդլայնված կազմերով:

Վիետնամի վարչապետն անձամբ իր եւ երկրի կառավարության անունից ջերմորեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը` նշելով. «Վստահ եմ` մեր հանդիպումը կնպաստի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը, ընդլայնմանն ու ամրապնդմանը: Պարոն վարչապետ, խորհրդանշական է, որ Ձեր այցը տեղի է ունենում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-Մինի` Հայաստան կատարած այցի 60-ամյակին: Ուրախ ենք, որ Հայաստանը հաղթահարում է դժվարություններն ու քայլեր ձեռնարկում տնտեսական զարգացման ուղղությամբ, ամրապնդվում է նաեւ Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում»: Նգույեն Սուան Ֆուքը համոզմունք է հայտնել, որ ՀՀ վարչապետի այցի շրջանակում նոր թափ կհաղորդվի երկկողմ փոխշահավետ գործակցությանը տարբեր ուղղություններով: Վիետնամի վարչապետը նշել է, որ դեռեւս խորհրդային տարիներին բազմաթիվ վիետնամցիներ կրթություն են ստացել Հայաստանում եւ իրենց գիտելիքներով նպաստել երկրի առաջընթացին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ իր այցի նպատակն է նպաստելու հայ-վիետնամական քաղաքական, տնտեսական եւ հումանիտար կապերի առաջընթացին: «Մենք կքննարկենք հարցերի լայն շրջանակ եւ վստահ եմ, որ մեր կողմից ընդունվելիք որոշումները կնպաստեն մեր պետությունների զարգացմանը: Մեր երկրների միջեւ առկա հեռավորությունն ամենեւին էլ չի կարող խոչընդոտ լինել համագործակցության զարգացման հարցում»,- ասել է վարչապետը: Գործադիրի ղեկավարի խոսքով` երկու երկրներն ունեն հարաբերությունների ընդլայնման մեծ ներուժ եւ կառավարությունները պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն այն լիարժեք իրացնելու նպատակով:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են առեւտրատնտեսական կապերի ընլայնմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում` ինժեներական լաբորատորիաների փոխգործակցության, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը` զրուցակիցները կարեւորել են միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում, որը տեղի կունենա Երեւանում ընթացիկ տարվա աշնանը, անցկացնել նաեւ գործարար համաժողով: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանն ու երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությանը: Անդրադարձ է կատարվել հայկական կոնյակի եւ գինու` Վիետնամի շուկա ներմուծելու հնարավորություններին:

Նիկոլ Փաշինյանը եւ Նգույեն Սուան Ֆուքը պայմանավորվել են նաեւ քննարկումներ սկսել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման ուղղությամբ: Կողմերը համոզմունք են հայտնել, որ տնտեսական փոխգործակցության զարգացմանը նոր ազդակ կհաղորդի նաեւ Եվրասիական տնտեսական միության եւ Վիետնամի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումը:

Երկու երկրների վարչապետներն ընդգծել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը եւ կարեւորել վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ քայլերի իրականացումը: Առանձնակի նշվել է Հայաստանի եւ Վիետնամի տարածաշրջանների, առեւտրային պալատների համագործակցության, երկկողմ իրավապայմանագրային բազայի զարգացման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը եւ Նգույեն Սուան Ֆուքն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ՄԱԿ-ի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում հետագա համագործակցությանը, ինչպես նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հանդիպման արդյունքներով Հայաստանի Հանրապետության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունների միջեւ ստորագրվել է Կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Նիկոլ Փաշինյանի եւ Նգույեն Սուան Ֆուքի ներկայությամբ համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը եւ Վիետնամի կրթության եւ վերապատրաստման նախարարի տեղակալ Նգույեն Վան Ֆուքը:

Այնուհետեւ երկու երկրների կառավարությունների ղեկավարները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, հայ եւ վիետնամցի թանկագին լրագրողներ, բարեկամներ,

Ուրախ եմ Վիետնամի կառավարության անունից ողջունել պաշտոնական այցով Վիետնամ ժամանած Հայաստանի վարչապետին եւ կառավարական պատվիրակությանը, որով դուք մեզ եք բերել հայ ժողովրդի ջերմ զգացմունքները: Վիետնամի կառավարությունը եւ ժողովուրդը եղբայրական Հայաստանին մշտապես վերաբերվում է սիրով եւ հարգանքով: Մենք ուրախ ենք, որ Հայաստանը պարոն վարչապետի ղեկավարությամբ հաղթահարել է վերջին դժվարությունները ու մարտահրավերները եւ այժմ գտնվում է զարգացման ուղու վրա: Դուք կոնկրետ քայլեր եք ձեռնարկում նաեւ քաղաքական կյանքի, տնտեսական զարգացման, միջազգային ասպարեզում Հայաստանի դերի եւ դիրքի հաստատման ուղղությամբ:

Վիետնամի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ամրապնդմանը: Հենց նոր իմ եւ պարոն վարչապետի միջեւ տեղի ունեցան բանակցություններ, որոնց ընթացքում մենք քննարկեցինք կոնկրետ ուղղություններ եւ քայլեր` նպաստելու երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանը: Անցկացրել ենք հաջող բանակցություններ եւ անկեղծ եւ բաց մտքեր ենք փոխանակել բազմաթիվ հարցերի շուրջ: Պայմանավորվել ենք շարունակել ակտիվ համագործակցությունը կառավարությունների, խորհրդարանների, ինչպես նաեւ բիզնես շրջանակների մակարդակով ու ժողովուրդների շփումների միջոցով:

Մենք պայմանավորվել ենք բարելավել միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցությունը, նպաստել Վիետնամի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի արդյունավետ իրականացմանը` դիտարկելով այն որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների ամուր հիմք: Ինչպես նաեւ պայմանավորվել ենք ընդլայնել համագործակցությունն այլ ոլորտներում, ինչպիսիք են` կրթությունը, առողջապահությունը, մշակույթը, սպորտը, զբոսաշրջությունը եւ անվտանգությունը` պաշտպանությունը:

Մենք խորապես քննարկել ենք Վիետնամի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ տնտեսական գոտու ստեղծման համաձայնագրի իրականացման քայլերը եւ ես համարում եմ այն մեր երկրների համագործակցության կարեւորագույն հարցերից մեկը: Զբոսարջության, պաշտպանության ոլորտներում եւս ցուցաբերվել են կոնկրետ նախաձեռնություններ:

Մենք պայմանավորվել ենք փոխադարձ գործել եւ աջակցել միջազգային ձեւաչափերում եւ քննարկել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցեր, այդ թվում` Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հիմնախնդիրները միջազգային իրավունքի հիման վրա կարգավորելու հարցը:

Վիետնամի կառավարությունը բարձր է գնահատում եւ վստահ է, որ Հայաստանի վարչապետի առաջին այցը հանդիսանում է որակապես նոր քայլ Վիետնամի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման գործում: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում պարոն վարչապետին եւ Հայաստանի կառավարական պատվիրակությանը` պաշտոնական այցով Վիետնամ այցելելու համար»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,

Հարգելի պարոն վարչապետ,

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Նգույեն Սուան Ֆուքին ջերմ հյուրընկալության եւ հայկական պատվիրակությանն ընդունելու համար:

Ցանկանում եմ հաստատել, որ մենք անցկացրեցինք կառուցողական եւ շատ հագեցած բանակցություններ, որոնք անցել են փոխվստահության մթնոլորտում: Կարծիքներ փոխանակեցինք երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, կառուցողական մթնոլորտում քննարկեցինք քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության հիմնական հարցերը:

Իմ այցը մեր երկրների միջեւ նոր՝ ավելի դինամիկ եւ ինտենսիվ հարաբերությունների ստեղծման սկիզբն է:

Կարծում եմ, որ մենք ունենք բոլոր հիմքերը բավարարված լինել մեր բանակցությունների արդյունքներից: Դրանք հաստատեցին մեր երկրների հարաբերությունների հետագա զարգացման ձգտումը, նախանշեցին փոխգործակցության ուղիները:

Համոզված եմ, որ փոխադարձ հարգանքի եւ ավանդական բարեկամության հիման վրա մենք համատեղ ջանքերով կկարողանանք բացահայտել հայ-վիետնամական համագործակցության ներուժը, ընդլայնել եւ խորացնել առեւտրատնտեսական հարաբերությունները, իրականացնել համատեղ ծրագրեր:

Մենք ձգտում ենք դիվերսիֆիկացնել մեր արտաքին տնտեսական համագործակցությունը: Այս առումով, Վիետնամը, լինելով բարեկամ երկիր, Հայաստանի համար կարեւոր գործընկեր է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Ցանկանում եմ նշել, որ մենք տպավորված ենք Վիետնամի տնտեսական առաջընթացով, մակրոտնտեսական ցուցանիշներով, տարածաշրջանային եւ համաշխարհային տնտեսության ինտեգրման մակարդակով: Վիետնամը լուրջ տնտեսություն ունեցող երկիր է, որի հետ համագործակցությամբ հետաքրքրված են աշխարհի բոլոր տարածաշրջանների երկրները:

Իր հերթին, Հայաստանը նույնպես առաջարկելու բան ունի: Մեր արտաքին տնտեսական հարաբերությունների լայն շրջանակը կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել վիետնամական արտադրողների համար: Հայաստանը կարող է ծառայել որպես հարթակ, որը հնարավորություն է ընձեռում դուրս գալ Եվրոպական միության, ԱՊՀ երկրների, Վրաստանի, Իրանի եւ Մերձավոր Արեւելքի երկրների շուկաներ:

Վերոնշյալին պետք է նաեւ ավելացնել, որ վերջին մեկ տարվա ընթացքում վճռական միջոցառումների արդյունքում մենք կարողացանք որակապես փոխել մեր երկրի տնտեսական եւ, մասնավորապես, ներդրումային միջավայրը: Հայաստանում այսօր արտասահմանյան ընկերությունների գործունեության համար խոչընդոտներ չկան: Ստեղծվել են բարենպաստ պայմաններ գործարարության համար: Ստեղծվել են նաեւ բոլոր անհրաժեշտ իրավական մեխանիզմները պետության կողմից օտարերկրյա ներդրողների սեփականությունը պաշտպանելու եւ նրանց գործունեությունը խթանելու համար:

Բանակցությունների ընթացքում երկուստեք պատրաստակամություն ենք հայտնել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում հարաբերությունների խորացման համար: Հայաստանը եւ Վիետնամը ունեն համագործակցության ներուժ կրթության, առողջապահության, զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության եւ նորարարության ոլորտներում։

Այս առումով մենք կարեւորեցինք տնտեսական, առեւտրային եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Սա համագործակցության կարեւոր գործիք է, որը մենք պետք է լիովին օգտագործենք: Պայմանավորվել ենք հոկտեմբերին անցկացնել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողովի նիստ, զուգահեռ` բիզնես ֆորում, որին կմասնակցեն ոչ միայն պաշտոնական դեմքեր, այլ նաեւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, որպեսզի դիտարկեն հնարավոր ներդրումների հնարավորությունները Հայաստանի եւ Վիետնամի տնտեսություններում: Այս այցի արդյունքում մենք քննարկումներ կսկսենք կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման շուրջ, քննարկում ենք կոնկրետ հուշագրի ստորագրման հնարավորությունը զբոսաշրջության ոլորտում: Կարեւոր է նաեւ Հայաստանի եւ Վիետնամի միջեւ միմյանց վկայագրերի փոխադարձ ընդունումը:

Մենք նաեւ հաստատեցինք ԵԱՏՄ-Վիետնամ ձեւաչափով համագործակցության ընդլայնման մեր պատրաստակամությունը: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագիրը լիովին ծառայի մեր երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Քննարկվել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության առանցքային հարցերը: Մենք անդրադարձանք միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությանը՝ հաստատելով երկու երկրների պատրաստակամությունը հարգելու միմյանց շահերը։

Վերջում կցանկանայի մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել պարոն վարչապետին, վիետնամական կողմի մեր բոլոր գործընկերներին եւ բարեկամներին հյուրընկալության ու արդյունավետ բանակցությունների համար»:

ՎՍՀ վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ընթրիք:

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ էՊաշտոնական Երևանից հնչում են Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգի հայտարարություններ. Մելքոնյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)Le Monde. Մակրոնը Ուկրաինա արշավի համար պատրաստում է այն գունդը, որը 1812 թվականին մտել էր ՌուսաստանՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները ՀՀ-ին կտրամադրվի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ և 16,000,000 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ՝Արտակարգ դեպք․ 3 շոկոլադի համար դաժան ծեծի են ենթարկել խանութի վաճառողուհուն«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Բաբկեն ԹունյանՈւկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակBloomberg. ԱՄՆ-ն ակնկալում է ստանալ թուրքական տրոտիլ զինամթերքի արտադրության համարՉեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. ՍաղաթելյանՏավուշի գյուղերը կհանձնեն խաղաղ, կամ ուժային գործողության արդյունքում. ադրբեջանցի պատգամավորԻնչո՞ւ «Մհեր Արմենիան» երկար դադարից հետո վերադարձավ Հայաստան․ երգչի անկեղծ խոստովանությունը25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգըՏարադրամի շուկան փոփոխվել է Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը․ Տիգրան Աբրահամյան Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Տեղի է ունեցել աշխատաժողով` «Կիբեռանվտանգության ռազմավարության ներդրում» թեմայով«Ժամանակն է Հայաստանին դուրս մղել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որպեսզի չվճարենք նրա ռուսաֆոբիայի համար»Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործիցԹուրքական անուղղակի ակնարկներըՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր ԱբրահամՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին
Ամենադիտված