Փոխարժեք՝
476.3
$
535
7.61

Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հաղորդում են ՀՀ վարչապետի գրասենյակի լրատվական ծառայությունից։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական խորացման ու սերտացման կարևորությունը և այս համատեքստում անդրադարձել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Հայաստանի կառավարությունը հետևողական է ժողովրդավարության զարգացման, դատաիրավական համակարգի արմատական բարեփոխման, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ շարունակական քայլերի, ծրագրերի իրականացման գործում, և ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կնպաստի Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:

Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրոպական միությունը ևս կարևորում է Հայաստանի հետ համագործակցության դինամիկ զարգացումը և պատրաստ է շարունակել օժանդակել մեր երկրին՝ տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու գործում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով և հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն  ուղղված բանակցային գործընթացին:

 

ՀՀ վարչապետն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի և զարգացումների շուրջ:

website by Sargssyan