Փոխարժեք՝
476.3
$
535
7.61

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը

Մահացել է կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Ստեփան Շաքարյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կոմպոզիտորների միության հասարակայնության հետ կապերի բաժնից, Շաքարյանի հոգեհանգստի և հուղարկավորության մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:

Ստեփան Շաքարյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 23-ին Բաքվում: 1952 թվականին տեղափոխվել է Երևան:  Ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, իսկ 1956 թվականին Արամ Խաչատրյանի  խորհրդով և հրավերով տեղափոխվել է Մոսկվայի Գնեսինների անվան ինստիտուտ, այնուհետև՝ Լենինգրադի կոնսերվատորիա: Ավարտել է ուսումը և վերադարձել Երևան։ 

Նա ՀՀ ռադիոպետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավարն է։ 

2009 թվականին «Շարմ հոլդինգ»  ընկերությունը թողարկել է Ստեփան Շաքարյանի «Լուսինը սարերի վրա» ձայնասկավառակը, որը ներառվել է «Հայկական ջազ 70» ձայնասկավառակների հավաքածուում:

Շաքարյանն ստեղծել է ավելի քան 100 ջազային կոմպոզիցիա, որոնք ընդգրկված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։ Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստա-ռադիոընկերության էստրադային և ջազային և մի շարք այլ նվագախմբեր։  Ստեփան Շաքարյանը մշակել է հայկական ժողովրդական երգերը, որոնց տվել է ջազային շունչ։ «Բինգյոլից մինչև Կանզաս սիթի» ստեղծագործությունը դարձավ հայկական ջազի ստանդարտ։ Նրա սիմֆոնիաները և կոնցերտները հնչեցրել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ։

Շաքարյանի հանրահայտ ստեղծագործություններն են` «Խորեոգրաֆիկ սիմֆոնիա», «Նախանձ»,  «Աղավնավանք» բալետները,  Սյուիտ՝ կամերային նվագախմբի համար, «Կոմիտասի հիշատակին», «Հայաստան» սիմֆոնիկ պոեմները, Սիմֆոնիկ նախերգանքը:

Շաքարյանը հեղինակ է մի շարք մուլտֆիլմերի երաժշտության՝ «Հայելի», «Անհաղթը», «Պինգվին Վինը»:

website by Sargssyan