Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

Սահմանադրության խախտում. պատգամավորն արտահայտած կարծիքի համար հետապնդմա՞ն է ենթարկվում

Գուրգեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Անցած շաբաթը լի էր տարբեր մարզերում ՏԻՄ ընտրություններով, սակայն որոշ մարզային իշխանությունների ներկայացուցիչների անձնական ամբիցիաների հետևանքով ողջ ուշադրությունը սևեռվեց Աբովյանի քաղաքապետի ընտրությունների վրա: Գուցե պատճառը նաև նախօրեին Աբովյանում իշխող կուսակցության թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի մեքենայի և տան շքամուտքի հրկդեհման միջադեպն էր: Իսկ ավելի կոնկրետ՝ այդ միջադեպի առնչությամբ մանր և միջին իշխանավորների կողմից արված հայտարարությունները, որոնք իրենց մեջ թաքնված հասցեական սլաքներ էին պարունակում: 
Թեման մեծ աժիոտաժ առաջացրեց, և անմիջապես էլ լճացավ, քանզի նույնիսկ օրեր անց իրավապահ մարմինները չեն հայտնաբերում միջադեպի հեղինակին: Մինչդեռ այլ դեպքերում, երբ օրինակ, մեքենայի ապակի են կոտրում և մեկ մագնիտոֆոն առևանգում, կամ այգիներից մեկում արձան է կոտրվում, իրավապահ մարմինները աննախադեպ օպերատիվությամբ ընդամենը ժամեր անց մեղավորներին բերման են ենթարկում: 
Սրան զուգահեռ, երբ Ազգային ժողովում, լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ի պատասխան այս միջադեպի վերաբերյալ լրագրողի հարցին՝ արտահայտում է իր կարծիքը, պարզվում է, որ հետագայում Քննչական կոմիտեի կողմից հրավիրվում է հարցաքննության: 
Իսկ ի՞նչ կարծիք էր արտահայտել Գագիկ Ծառուկյանը. հորդորել էր իրավապահ մարմիններին ձեռնարկել օպերատիվ գործողություններ մեղավորներին հայտնաբերելու համար, որպեսզի ամենատարբեր՝ այդ թվում նաև քաղաքական կոնտեքստ պարունակող վարկածները չրջանառվեն: Այս քայլերը չձեռնարկելու պարագայում միջադեպը վստահորեն կարելի է որակել շինծու:
Ի՞նչ է ստացվում. ԱԺ պատգամավորը հետապնդման է ենթարկվում իր արտահայտած կարծիքի համա՞ր: 
Հրավիրում եմ բոլորի ուշադրությունը: ՀՀ Սահմանադրությունն այս մասով ունի ֆիքսված դրույթ. 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած ԿԱՐԾԻՔԻ համար: 
Այս հանգամանքը տարակուսելի է մի քանի առումով. 1-ինը, ստացվում է իրավապահ մարմինները գործի առնչությամբ օրեր անց անգամ չունե՞ն որևէ այլ արժանահավատ փաստարկ, քան պատգամավորի կարծիքը նույն դեպքի կապակցությամբ: 2-րդ, ԲՀԿ նախագահը, ըստ էության, այդ հայտարարությունն արել էր իրավապահ մարմինների պատշաճ գնահատականի բացակայության հետևանքով անհարկի շահարկումներին և սեփական քաղաքական թիմի անունը արատավորել ցանկացող շրջանակների պրովակացիաներին վերջ տալու նպատակով: 3-րդ, փաստացի ԱԺ պատգամավորը իր արտահայտած կարծիքի համար հետապնդման կարող է ենթարկվել նոր Հայաստանում, ինչը Սահմանադրության կոպիտ խախտում լինելուց բացի, որևէ կերպ չի տեղավորվում նոր քաղաքական մշակույթի հռչակած սկզբունքների մեջ:
Ուստի հորդորում եմ պատկան մարմիններին զբաղվել այդ զազրելի միջադեպի բացահայտմամբ, և չտրվել քաղաքական սադրանքների հորձանուտին:

 

website by Sargssyan