ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքի մարզպետն իր վարքագծով փչացրեց ընտրությունները. Էդմոն Մարուքյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

«Աբովյանում ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետը։ Եվ այստեղ նորմալ իրավիճակից որևէ շեղում չեմ տեսնում։ Ժողովրդավարությունն այն է, որ ՀՀ քաղաքացիները որոշում են, թե ով է կառավարելու տվյալ համայնքը»: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին, որտեղ ՔՊ թեկնածուին հաղթեց գործող քաղաքապետը՝ 400 և ավելի ձայների տարբերությամբ։ Էդմոն Մարուքյանը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում մտահոգիչ է համարում ընտրություններին մասնակցած ընտրողների ցածր թիվը (60%-ը չի մասնակցել):

«Սա ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիները այսքան փոփոխություններից հետո դեռևս չեն արժևորում իրենք իրենց մեկ ձայնը այնպես, ինչպես պետք է արժեվորեն»,- նշեց Մարուքյանը: Անդրադառնալով ընտրությունների ընթացքին ու գրանցված արդյունքներին՝ Մարուքյանը ընդգծեց, որ որևէ քաղաքի ընտրություն պետք չէ կապել հեղափոխության կամ հակահեղափոխության հետ: «Մի քաղաքի ընտրություն է, հիմա կարող է Վահագը կառավարի, Գրիգորը կառավարի, ով ուզում է՝ կառավարի: Կան օրենքներ, կա Սահմանադրություն, մենք էստեղ օրենքներ ենք ընդունում ու մեր ընդունած օրենքներով պետք է այդ քաղաքները կառավարվեն»,- հայտարարեց Մարուքյանը: Նրա պնդմամբ՝ սխալ է կարծել, որ իշխանությունը պետք է հաղթեր բոլոր տեղերում:

Անդրադառնալով քվեարկության օրը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի վարքագծին՝ Մարուքյանն ընդգծեց. «Կարծում եմ` Կոտայքի մարզպետն իր վարքագծով փչացրեց ընտրությունները, երևի լավ կանի` հրաժարական տա: Բայց իրենց թիմն է, թող իրենք որոշեն: Ես կարծում եմ, որ ընտրություններին պետք չէ կյանքի ու մահու կոնտեքստում մոտենալ։ Ավելի մտահոգություններ ունեմ պրոցեսի հետ կապված՝ ովքեր էին բերման ենթարկվողները և նման այլ հարցեր։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ունենանք հանգիստ ընտրություններ»,-եզրափակեց ԼՀԿ խմբակցության ղեկավարը:

Ասպրամ Փարսադանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular