ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեք այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք. Փաշինյանը՝ Աբովյանում կրած պարտության մասին (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններին, որում ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն պարտվել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանին:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում հաղթել է ժողովրդավարությունը: «Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի պարտությանը, ապա մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ պարտվեն: Եվ եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ երկար տարիներ առաջնային կարգախոսը Հանրապետական կուսակցության մենաշնորհի վերացման անհրաժեշտություն էր: Այս ընտրություններով ևս մեկ անգամ արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունը, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանում հաստատված է ժողովրդի իշխանություն:

Լրագրողների այն դիտարկմանը, թե Աբովյանի քաղաքապետարանի կողմից չարաշահումների հետ կապված քրեական գործ հարուցվեց, ինչը  որակվում էր որպես ճնշման փորձ, վարչապետը նշեց, որ քրեական գործի  բովանդակությունը պետք է հասկանալ, և դա մյուս հարցի հետ որևէ կապ չունի:

«Եթե հիշում եք, հեղափոխությունից երկու ամիս անց, մեր թեկնածուն պարտվեց Կապանի ընտրություններում: Դրանից հետո տեղի ունեցան ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ և «Իմ քայլը» դաշինքը 70 տոկոս ձայն հավաքեց Սյունիքի մարզում: Նախկինում էլ ասել եմ, եկեք այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք» ,-ասաց ՀՀ վարչապետը: Նա ընդգծեց, որ Հայաստանի բոլոր ընտրություններում հաղթում է հեղափոխությունը, ժողովուրդը:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը: Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանն, ըստ նախնական արդյունքների, հավաքել է 8 հազար 453 ձայն: ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Գրիգոր Գուլյանը հավաքել է 8 հազար 58 ձայն: Սասուն Գրիգորյանը հավաքել է 731, Արթուր Ղազարյանը՝ 139, Մանուկ Մկրտչյանը 435 ձայն:

Տեսանյութը՝ 24news.am-ի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular