ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտի 1-ի սպանության գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանի հարցաքննությունը (արխիվային տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 1-ի գործի բացահայտումը նոր ընթացք է ստանում։ Մասնավորապես, երեկ հայտնի դարձավ, որ «Մարտի 1»-ի գործով ձերբակալվել է  2008թ.-ի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը՝ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար: Մինչև այս պահը Մարտի 1–ի գործի շրջանակում սա առաջին ձերբակալությունն է սպանության կասկածանքով։

Զաքար Հովհաննիսյանը Մարտի 1-ի դեպքերի ժամանակ միակ անձն էր, որին սպանել են արտակարգ դրություն հայտարարելուց հետո՝ մարտի 2-ին՝ ժամը 01։40-ի սահմանում։ Տարիներ շարունակ հրապարակվող պաշտոնական տեղեկատվության համաձայն, 31-ամյա Զաքար Հովհաննիսյանը վիրավորվել է Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ: Նա տեղափոխվել է հիվանդանոց, վիրահատվել, սակայն գիտակցության չգալով, մահացել է:

Համաձայն դատաբժշկական եզրակացության՝ «Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի վնասվածք: Մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորուստը»:

Նշենք, որ համացանցում հատված կա Մարտի 1-ին սպանված Զաքար Հովհաննիսյանի գործով ձերբակալված ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի հարցաքննությունից («Հայաստանի կորսված գարունը» ֆիլմից), որտեղ Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամներ ՀԱԿ նախկին ներկայացուցիչ, այժմ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ու Ժառանգությունը ներկայացնող Սեդա Սաֆարյանը առանձնազրույց են ունենում։

- Մենք 10 զոհերի հարազատների փոխարեն ուզում ենք իմանալ, թե դուք ի՞նչ էիք անում այնտեղ,- հարցնում է Սեդա Սաֆարյանը։

- Ինչ-որ պետք ա, ինչ որ օրենքով թույլատրվել ա մեզ, էն էլ արել ենք, ուրիշ բան չենք արել,- ասում է Գեղամ Պետրոսյանը։

- Այսինքն՝ օրենքում գրված է, որ կարաք մարդկանց վրա կրակե՞ք, սպանե՞ք,- հարցնում է Անդրանիկ Քոչարյանը։

- Օրենքը կարդացեք, այնտեղ գրված է՝ ամեն ինչ ձեռնարկել, որ էդ փորձը խաթարենք,- պատասխանում է Գեղամ Պետրոսյանը։

- Մեր ծառայողական քննության նյութերի մեջ գրված է, որ ամեն ինչ եղել է օրենքի սահմանում,- ասում է Գեղամ Պետրոսյանը։

- Նախ ասեք՝ ի՞նչ եք արել և հիմնավորեք։ Դուք եկել եք լռե՞ք,- հարցնում է Սեդա Սաֆարյանը։

- Բայց ինչի՞ պիտի ես դա ասեմ Ձեզ։ Այո՛, ես եկել եմ լռեմ,- ասում է Գեղամ Պետրոսյանը։

Հարցաքննության տեսանյութը՝ ստորև.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular