Փոխարժեք՝
476.8
$
540
7.62

Ուշացած թվեր, որոնք մատնեցին Փաշինյանին

Արդեն տևական ժամանակ է, ինչ տարբեր մակարդակներում թմբկահարվում է, թե կառավարությանը հաջողվել է առաջին եռամսյակի արդյունքներով պետական բյուջեի եկամուտները գերակատարել 11.4 միլիարդ դրամով։ Այդ մասին նախ ֆեյսբուքի իր էջում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ դրանից օրեր անց ծավալուն ասուլիսի միջոցով ներկայացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Սակայն պաշտոնական թվերը, որոնք, ի դեպ, հրապարակվեցին բավականին մեծ ուշացումով, լուրջ մտորումների տեղիք են տալիս: Չխորանալով տնտեսագիտական բարդ հաշվարկների մեջ, ասենք, որ այո՛, ըստ ՊԵԿ ներկայացրած թվերի և ցուցանիշների՝ գերակատարումը փաստ է:
 
Սակայն ամեն ինչ չէ, որ այդքան միանշանակ է: Բյուջեի գերակատարումը, ըստ էության, պայմանավորված է եղել նրանով, որ եռամսյակային պլանն ի սկզբանե ցածր է եղել առկա հնարավորություններից, և այդ գերակատարումն այնքան էլ հերոսական գործ չի եղել, ինչպես փորձ է արվում ներկայացնել իշխանությունների կողմից: Բացի այդ, պետք է նշել նաև այն առանձնահատուկ դինամիկան, որով ուղեկցվում է տարեցտարի առաջին եռամսյակի աճը՝ այդ դինամիկան մշտապես էլ դրական է եղել, այլ կերպ ասած՝ բյուջեն առաջին եռամսյակում միշտ էլ գերակատարվել է, հետևաբար, այս ցուցանիշների ներկայացումը իբրև մեծագույն ձեռքբերում ոչ այլ ինչ է, քան պարզագույն քաղաքական շահարկում՝ համապատասխան դիվիդենտներ ձեռք բերելու նպատակով:
 
Դեռ ընդդիմադիր ժամանակներից սկսած՝ Նիկոլ Փաշինյանն անվերջ խոսում է 40-50 տոկոսանոց ստվերից եւ պետական բյուջեն արագորեն բազմապատկելուց: Մինչդեռ այս պահին, ինչպես նկատեցիք, հիմնական վեճը 10-12 տոկոս ավել-պակաս հավաքագրումների մասին է: Ցուցանիշներ, որոնք որեւէ կերպ չեն կարող խոսել ո՛չ 40-50 տոկոսանոց ստվերի արմատական կրճատումների մասին եւ ո՛չ էլ՝ դրա հիմքով բյուջեն բազմապատկելու:
website by Sargssyan