ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սադ­րանք Ար­ցա­խի դեմ. ի՞նչ «երև­ա­նյան սցե­նար­նե­րի» մա­սին են խո­սում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին «Սասնա ծռեր» կուսակցությունը հետևողականորեն հանդես է գալիս Արցախում ներքաղաքական լարվածությունը մեծացնելու օրակարգով։ Ուշագրավ է, որ Սեֆիլ յանի թիմի կողմից թիրախավորվում են ինչպես Արցախի իշխանությունն առհասարակ, այնպես էլ՝ ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ մասնավորապես։ Հատկապես վերջին հանգամանքը հուշում է, որ գործ ունենք «Ծռերի» ակտիվացման նախընտրական բաղադրիչի հետ, որովհետև գեներալ Բալասանյանը համարվում է Արցախի նախագահի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկը հաջորդ տարվա ընտրություններում։

Ենթադրելի է, որ Սեֆիլյանի կուսակցությունը, պարտություն կրելով Հայաստանի խորհրդարանական ընտրություններում, փորձում է Արցախը հարթակ դարձնել իր քաղաքական հավակնությունների բավարարման համար։

Ամբողջ խնդիրն այն է, որ խիստ վտանգավոր, եթե չասենք արկածախնդրական է «Սասնա ծռեր» կուսակցության, այսպես ասած, արցախյան օրակարգը։ Կուսակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել , իսկ շուտով նաև Երևանից Ստեփանակերտ ավտոարշավ է իրականացնելու՝ Արցախը Հայաստանի մարզ դարձնելու պահանջով։ Ավելորդ է ասել, որ արտաքուստ հայրենասիրական թվացող նախաձեռնությունը իրականում խիստ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ ոչ միայն Արցախում հաջորդ տարի նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրությունների համատեքստում, այլ՝ առաջին հերթին բանակցային գործընթացում։ Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարգավորման գործընթացում իր քաղաքականության առանցք է դարձնում Արցախի սուբյեկտության վերականգնման թեզը, Սեֆիլյանի թիմը փաստորեն հանդես է գալիս նախաձեռնությամբ, որն ուղված է հենց Արցախի սուբյեկտության ոչնչացմանը։ Վստահաբար կարելի է ասել, որ Սեֆիլյանի թիմի արցախյան օրակարգն ու ակտիվացումը նման են սադրանքի, ինչն ավելորդ լարվածություն կարող է ստեղծել ոչ միայն Արցախի ու Հայաստանի քաղաքական էլիտաների միջև, այլև բաժանարար գծեր առաջացնել Արցախում։ Սա այն դեպքն է, երբ չհաշվարկված , չկշռադատված ներքաղաքական օրակարգը կարող է ռիսկեր ծնել նաև կարգավորման գործընթացում։ Արդյոք գործ ունենք Սեֆիլյանի թիմի մոլորությա՞ն, թե՞ կազմակերպված սադրանքի հետ։ Այս հարցին անուղղակի պատասխան է տալիս «Սասնա ծռեր» կուսակցության փաստացի առաջնորդ Ժիրայր Սեֆիլ յանի՝ նախօրեին արված ֆեյսբուքյան գրառումը։ Ըստ Սեֆիլյանի, «Արցախում ժողովուրդը դեռևս կեղեքվում է երևանյան նախկին ռեժիմի ստեփանակերտյան մնացորդի լծի տակ»։ Սեֆիլյանը նաև լուծում է առաջարկում. «Այս աղետը կանխելու ամենակարճ միջոցը Ստեփանակերտում երևանյան սցենարով փոփոխությունն է»։

«Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդն, ըստ էության, առաջարկում է հայաստանյան հեղափոխությունը արտահանել Արցախ, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով։ Նախ՝ առնվազն տարակուսելի է, որ արցախյան պատերազմի հայտնի հրամանատարներից մեկը չի գիտակցում, որ առաջնագիծը հեղափոխական էքսպերիմենտների փորձադաշտ չէ։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, բարեբախտաբար, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները դրսևորեցին համարժեք քաղաքական վարքագիծ՝ Արցախը էվոլ յուցիոն ճանապարհով Հայաստանի հետհեղափոխական իրականությանն ադապտացնելու համար։ Այդ համատեքստում խիստ կարևոր են 2020 թվականին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները, որոնց, ինչպես հայտնի է, Բակո Սահակյանը չի մասնակցելու։ Այլ խոսքով, հաջորդ տարի Արցախում փաստացի տեղի է ունենալու իշխանափոխություն՝ ընտրությունների միջոցով, ու այս համատեքստում առնվազն տարակուսելի է, որ Սեֆիլյանի թիմը առաջարկում է հեղափոխություն իրականացնել, ըստ էության, հեռացող իշխանության դեմ։ Ի՞նչն է խանգարում «Ծռերին» իրենց ծրագրերը իրականություն դարձնել ընտրությունների միջոցով, թե՞ հայաստանյան ընտրությունների փորձը Սեֆիլյանի թիմին հուշում է, որ լեգալ ճանապարհով իրենք իշխանության չեն կարող գալ նաև Արցախում։

Այնպիսի տպավորություն է, որ «Ծռերը» հետևություններ չեն արել 2016 թ. դրամատիկ իրադարձություններից, միայն թե նրանց այսօրվա թիրախը ոչ թե ՊՊԾ գունդն է, այլ Արցախը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular