Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Հորդորում ենք՝ հարցը չքաղաքականացնել». Նախօրեի միջադեպից հետո Սամվել Բալասանյանի պատասխանը՝ Մարուքյանին

Գյումրիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է  երեկ՝ ապրիլի 5-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վերջին օրերին հանրային քննարկումների թեմա են դարձել Գյումրիի փողոցաշինական ծրագրերը եւ դրանց իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրները:

Այս պահին Գյումրիում իրականացվող խոշորամասշտապ ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է 40 կմ ճանապարհ: Այս մասշտաբի ծրագրերի իրականացումը աննախադեպ է Գյումրիի համար: Ծրագրերի մեկնարկի առաջին օրերից եւ մինչ օրս համագործակցել ենք փողոցաշինական աշխատանքների հարցում շահագրգիռ բոլոր անձանք հետ, քննարկել, վերլուծել ու լուծումներ գտել առաջ եկած խնդիրների համար:

Եվս մեկ անգամ բոլորին հորդորում ենք ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացին, բարձրաձայնել խնդիրների մասին, հանդես գալ առաջարկներով, հետեւել գործընթացին, աջակցել եւ ոչ թե խոչընդոտել աշխատանքների ընթացքին:

Մեր կողմից ծրագրի խորհրդատու կազմակերպությունների հետ համատեղ ձեռնարկվել եւ իրականացվում են թերությունների վերհանման, դրանց շտկման ուղղությամբ օրենքով ու պայմանագրային պարտավորություններով սահմանված կոնկրետ աշխատանքներ:

Ամենեւին չենք հերքում քաղաքացիների օբյեկտիվ դժգոհության հիմքերը: Շինարարների եւ նախագծողների հետ կունենանք նաեւ բնակիչների տեղաշարժի ապահովման մասով խորհրդակցություն, կփորձենք գտնել այդ հարցերի կարգավորման հնարավոր տարբերակներ, որոնք լրացուցիչ մեծ ծախսեր չեն պահանջի:

Քաջ գիտակցելով փողոցաշինական աշխատանքների ընթացքում ստեղծված անհարմարությունները՝  եւս մեկ անգամ հայցում ենք մեր ազգաբնակչության ներողամտությունը, ակնկալում նրանց աջակցությունը քաղաքի համար չափազանց կարեւոր այս ծրագրերի հաջող իրականացման հարցում:

Բացարձակապես անընդունելի ենք համարում փողոցաշինական աշխատանքներում առաջ եկող խնդիրների տեղափոխումը անձնական որակումների հարթություն: Հորդորում ենք՝ հարցը չքաղաքականացնել, փողոցաշինական աշխատանքները չդարձնել օրակարգ ձեւավորելու հիմք:

Միեւնույն ժամանակ, հասարակական-քաղաքական գործիչներին, ԱԺ պատգամավորներին եւ, մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին կոչ ենք անում, եթե ծրագրի իրականացման իրավաչափության մասով ունեն մտահոգություններ եւ կասկածներ, կիրառեն խորհրդարանական վերահսկողության ամբողջ գործիքակազմը եւ դիմեն համապատասխան մարմիններին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 5-ին Գյումրի կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դժգոհեց փողոցների ու մայթերի քանդած վիճակից, ինչին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանն արձագանքեց. «Սա հլա փառք է»: Այդ արտահայտությունն առաջացրեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի դժգոհությունը եւ վարչապետի ներկայությամբ նրանք սկսեցին վիճել՝ իրար անվանելով՝ «կլյաուզնիկ»:

Վարչապետը ստիպված էր ձայնը բարձրացնել. «Էդպես չեղավ, հետո իրար հետ կպարզաբանեք: Հիմա կարո՞ղ է էստեղ քուչի բազար սկսեք: Մի հատ հանգստացեք, այ քեզ բան»:

Հիշեցնենք, Սարիկ Մինասյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը  2013-2017թթ. աշխատել է  Գյումրու քաղաքապետարանում՝ բյուջեի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ։ Այնուհետ 2018թ. մարտից Սոցիալական ապահովության ծառայության  Գյումրու տարածքային  բաժնի պետն էր: Նա բավականին սերտ հարաբերություններ ուներ Սամվել Բալասանյանի հետ: 2016թ. Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ժամանակ եւս Սարիկ Մինասյանը շատ ակտիվ աշխատել է Սամվել Բալասանյանի շուրջ ձեւավորված դաշինքի համար:

«Հիմա կարո՞ղ է էստեղ քուչի բազար սկսեք». Փաշինյանը կարգի հրավիրեց դիմացինին «կյլաուզնիկ» անվանող Գյումրիի քաղաքապետին

website by Sargssyan